Սրտաբան Նունե Ամատունին մեղադրվում է իր լիազորությունները չարաշահելով հոգեմեդ դեղերի ապօրինի իրացման մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա 2006 թվականից աշխատել է Քաղաքային էնդոկրին դիսպանսերում որպես սրտաբան և ունենալով լիազորություն հոգեմետ նյութեր դուրս գրելու, նախորդ տարվա մարտի 14-ին Վերժինե Վարոսյանի անվամբ դուրս է գրել Դիազեպամ 10մգ տեսակի հոգեմետ նյութի թվով 48 հատ դեղահաբեր:
Այս գործով ամբաստնյալի աթոռին է նաև Սպարտակ Պապյանը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2014 թվականի դեռևս չպարզված հանգամանքներում և այլ ժամանակահատվածում, Նոր-Արաբկիր Ա/Կ-ի սրտաբան և Քաղաքային էնդոկրին դիսպանսերի թերապևտ Նունե Ամատունուց իր անձնական օգտագործման համար առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել թվով 5 հատ Դիազեպամ 10 մգ տեսակի հոգեմետ դեղահաբեր:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: