Հերիքնազ Տիգրանյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2 որոշումները և այս նույն որոշումները Ճանապարհային ոստիկանության ծառայության պետի անփոփոխ թողնելու մասին որոշումը անվավեր ճանաչելու պահանջով:
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայության 2 որոշումներով հայցվորը ենթարկվել է վարչական տուգանքի: Վերադասության կարգով հայցվորը բողոքարկել է վարչական տույժ նշանակելու մասին համապատասծան որոշումները` ներկայացնելով վարչական բողոք, որով պահանջել է առոչինչ ճանաչել Ծառայության ակտերը, իսկ առոչինչ լինելու հիմքերի բացակայության դեպքում` ճանաչել անվավեր։ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության պետի համապատասխան որոշմամբ հայցվորի բողոքը մնացել է առանց բավարարման։
2013 թվականի հուլիսի 3-ին Ճանապարհային ոստիկանության ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչ Սերգեյ Ստեփանյանը կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, համաձայն որի` վարորդը, հետագայում հայցվորը Երևանի Պուշկին/Նալբանդյան/Վարդանանց խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել արգելված վայրում: Նմանաբնույթ մեկ այլ որոշում կայացվել է օրեր անց:
Ծառայության 2 որոշումների համաձայն՝ հայցվորի նկատմամբ նշանակվել է 5000-ական դրամ վարչական տուգանք` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով։
Դատարանը նշել է, որ ՀՀ կառավարության 28-ը հունիսի 2007 թվականի N955-Ն որոշմամբ հաստատվել և գործում են ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները, որի 84-րդ կետը սահմանում է կանգառն արգելելու հիմքերը, և այդ հիմքերից որևէ մեկը տվյալ պարագայում առկա չէ։ Հետևաբար` վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն իրավական հիմքեր չունեն, քանի որ դրանցում վկայակոչված չեն ճանապարհային այն նշանները կամ գծանշումները, որոնց առկայության դեպքում կարգելվեր տվյալ վայրում (Պուշկին /Նալբանդյան/ Վարդանանց խաչմերուկի հատվածում) կանգառ կատարելը։
Դատարանը վճռել է հայցվոր Հերիքնազ Տիգրանյանի հայցը բավարարել և ՀՀ Ճանապահային ոստիկանության 2 որոշումները անվավեր ճանաչել:
Հետագայում՝ ՀՀ ՃՈ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որպեսզի անվավեր ճանաչվի վարչական դատարանի որոշումը՝ Հերիքնազ Տիգրանյանի հայցը բավարարելու մասին: Վարչական վերաքննիչ դատարանն այն թողել է անփոփոխ: ՃՈ-ն փորձել է Վճռաբեկ դատարանի միջոցով փոխել վճիռը, սակայն ապարդյուն:
Պատրաստեց Ազնիվ Սիրադեղյանը