Միհրան Պողոսյանը կարևորում է Հարկադիր կատարման ծառայության տարածքային համաչափ զարգացման հարցը

Հոկտեմբերի 28-ին,  Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ հարկադիր կատարման ծառայության  Մասիսի տարածաշրջանային բաժանմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ծառայության ղեկավարությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հարկադիր կատարման ծառայության պաշտոնական կայքից:
Հանդիսավոր արարողությունն ազդարարվել է Հարկադիր կատարողի քայլերգով, որից հետո բաժանմունքի շենքի մուտքը երիզող խորհրդանշական ժապավենը կտրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջել է շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշել է,  որ ծառայության  մարզային կառույցների գործունեության բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են ղեկավարության ուշադրության կենտրոնում՝ միաժամանակ կարևորելով  Ծառայության տարածքային  համաչափ զարգացման հարցը: Նա նշել է, որ ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, և համոզմունք հայտնել, որ հարկադիր կատարողներն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:
“Այսօր կարող ենք արձանագրել, որ գրեթե բոլոր մարզերի Հարկադիր  կատարման ծառայության բաժիններն ու բաժանմունքները նորոգված ու վերազինված են. սա տարիների աշխատանք է, որն արդեն ավարտին է մոտենում:  Տարածքային բաժանմունքների ստեղծման նպատակը քաղաքացիների համար Ծառայությունն էլ ավելի հասանելի դարձնելն է, որպեսզի  նրանք ստիպված չլինեն խնդիրները լուծելու նպատակով հասնել մարզկենտրոն”,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը: Նրա խոսքով՝ Ծառայության հաջորդ քայլը կլինի մարզերում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների բացումը, որը կնպաստի քաղաքացիներին արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցելուն՝ հարկադիր կատարողի հետ շփումը հասցնելով նվազագույնի:
Հարկադիր կատարման ծառայությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների հետևողական բարելավումը: Մասիսի բաժանմունքի` ժամանակակից համակարգչային տեխնիկայով վերազինված նոր վարչական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է Հարկադիր կատարման ծառայության արտաբյուջետային միջոցներով. այն սպասարկելու է 30 գյուղական համայնքների բնակիչներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել