Դատարանն ու դատախազը չգիտեն անմեղության կանխավարկածի մասին. իրավապաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ անփոփոխող թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով պարտավորեցվում էր «Հրապարակ» օրաթերթին և «Իլուր» կայքին բացահայտել տեղեկատվության աղբյուրը։

Հիշեցնենք` այս երկու լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, ըստ որի` մայիսի 7-ի գիշերը Գյումրիում Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը անսթափ վիճակում զենքով սպառնացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանին ու նրա եղբորը` Ռաֆայել Ալեքսանյանին, այնուհետև ատրճանակի կոթով հարվածել է Ռաֆայել Ալեքսանյանին:

Այս հրապարակումների հիման վրա դատախազությունը քրեական գործ հարուցեց, սակայն այդպես էլ որևէ մեկին մեղադրանք չառաջադրվեց, փոխարենը Հատուկ քննչական ծառայությունը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ դիմեց դատարան:Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը պարտավորեցրեց նշված երկու լրատվամիջոցներին բացահայտելիրենց հրապարակած տեղեկության աղբյուրը։ Լրատվամիջոցները այն բողոքարկեցին Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը որոշումն անփոփոխ թողեց։

«Հրապարակ» օրաթերթի և «Իլուր» կայքի շահերը դատարանում պաշտպանող իրավապաշտպան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ անդամ Արտակ Զեյնալյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ Վերաքննիչ դատարանը մի շարք իրավունքների խախտում թույլ տվեց` դուրս գալով իր իրավասությունների շրջանակներից. «Դատարանը պարտավոր էր վճռաբեկության կարգով քննել գործը: Մինչդեռ մեր կողմից բարձրացված հարցերը դատարանը միայն սրբագրեց, այսինքն` դարձան մի ամբողջություն` Առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ դատարանը, դատախազությունը և նախաքննության մարմինը: Անհավասար պայմաններում մենք ներկայացնում ենք խնդիրը Առաջին ատյանի դատարանի դեմ, նրանք փորձում են ասել, որ այ խնդիրը լուծեցինք: Այն պարագայում, որ մեկը մյուսի սխալների ուղողը չպիտի լինի, այլ պետք է Վերաքննիչն ընդամենը նրանց կատարածի իրավաչափությունը գնահատեր, իսկ իրավաչափ չլինելու դեպքում ուղղակի վերացներ որոշումը»,- հայտնեց իրավապաշտպանը:

Ի դեպ, այս խնդրի շուրջ մտահոգություն են հայտնել ինչպես Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները, այնպես էլ միջազգային կառույցները: Մասնավորապես ԵԱՀԿ-ի` մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հուլիսի 22-ը նշել էր, որ որոշումը կարող է զսպող դեր ունենալ լրատվամիջոցների նկատմամբ և խոչընդոտներ ստեղծել հանրային կարևոր խնդիրների լուսաբանման համար: ՊարոնԶեյնալյանը այս առնչությամբ նշեց. «Դա չափազանց վտանգավոր է, այս մասին ասել է նաև Եվրոպական դատարանը, մենք Եվրոպական դատարանին ենք վկայակոչել, սակայն դատախազության ներկայացուցիչն այնպիսի արտահայտություններ է թույլ տալիս, որ բողոքաբեր կողմը չկարողացավ հաստատել, թե ինչպե՞ս կազդի խոսքի ազատության վրա, եթե բացահայտվի տեղեկատվության աղբյուրը: Պատկերացնո՞ւմ եք` 21-րդ դարում Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրի դատախազը նման հայտարարություն է թույլ տալիս, սա խայտառակություն է ուղղակի: Սա այն շարքից է, որ ամբաստանյալը մեղավոր է, քանի որ նա չկարողացա իր անմեղությունը ապացուցել: Ազատության կանխավարկածի մասին չգիտեն: Այսպիսի արտահայտություններ են անում դատարանում և դատարանը ոչինչ չի պատասխանում դրան»: Պարոն Զեյնալյանը հավելեց, որ իրենք նախապատրաստում են վիճարկել Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում:

Իրավապաշտպան Արման Դանիելյանը նշեց, որ իսկապես կան դեպքեր, երբ դատարանը կարող է պահանջել, որպեսզի լրատվամիջոցները բացահայտեն տեղեկատվության աղբյուրը. «Սակայն պետք է հասարակության շահերից բխի այդ բացահայտումը, այսինքն` այն ավելի բարձր լինի, քան խոսքի ազատությունը: Դա շատ հազվադեպ դեպքերում է լինում»,- շեշտեց մեր զրուցակիցը: Նա նաև հավելեց, որ դատարանի որոշումը անվստահություն կարող է առաջացնել լրատվամիջոցների նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել