Օրենսդիրները փորձում են վերացնել տարկետում ստանալու իրավունքը և արտոնեություններ սահմանել զինվորական ծառայության անցածների համար

Վերջին օրերին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Զինապարտության մասին» օրենքում լրացում կատարելու մասին 2 օրինագիծ: Դրանք դեռևս նստաշրջանի օրակարգում չեն ընդգրկվել:

Առաջինը շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 12-ին: Հեղինակները Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանն են: Այս նախագծով նրանք առաջարում են հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:

Օրենսդիրներն իրենց քայլը պարզաբանում են հետևյալ կերպ` մեզանում առկա է մի տենդենց, ըստ որի` արական սեռի բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, որն ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, շատ հաճախ չեն զբաղվում գիտական գործունեությամբ:

ԱԺ պատգամավորները նաև մտավախություն ունեն, որ նման քայլերի դիմած քաղաքացիները խոչընդոտում են այն ուսանողներին (մագիստրանտներին, ասպիրանտներին), ովքեր իրապես ցանկանում են զբաղվել գիտությամբ: Ուստի նրանք համոզված են, որ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաև զբաղվել գիտական գործունեությամբ, դա կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո ևս:

Մեկ այլ նախագծով, որը շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 17-ին ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը և Էդմոն Մարուքյանը ցանկանում են պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձանց որոշակի արտոնություն տալ:

Նախագծում հեղինակները հիշեցնում են, որ ներկայումս թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները դիմում են հիմնականում աշխատանքային ստաժի օրենքով սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում:

Նախագծով առաջարկվում է, որ առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու նպատակով թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցի նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձը, որի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհամարվի պետական կառավարման ոլորտի ստաժ՝ այդ կերպ չսահմանափակելով զինվորական ծառայություն անցած քաղաքացիների՝ թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին համապատասխան uտաժ ունեցող քաղաքացիների հետ հավասարապես մասնակցելու հնարավորությունը:

Այս նախագիծը, ըստ պատգամավորների, յուրատեսակ խթան կհանդիսանա պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու համար, քանի որ, ծառայելով զինված ուժերում, զորացրված անձը հնարավորություն է ստանում մասնակցել թափուր՝ մասնավորապես, առաջատար պաշտոնի համար հայտարարված մրցույթին:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել