ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի ԱԺ-ի միջեւ միջխորհրդարանական համագործակցություն

Սեպտեմբերի 13-ին Երեւան ժամանեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին:

Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ-ի եւ ԲՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունեց բելառուս գործընկերներին միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստի անցկացման կապակցությամբ: Պարոն Շարմազանովն ընդգծեց, որ երկու երկրների խորհրդարանականներն ակտիվ համագործակցում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ պատրաստակամ են նման համագործակցության հետագա զարգացմանը: ԱԺ փոխնախագահն ասաց, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի կապակցությամբ կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Մեծ եղեռնի հիշատակին: Նա բելառուս խորհրդարանականներին հրավիրեց մասնակցելու ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով միջազգային համաժողովին: Պարոն Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ նացիզմի եւ այլատյացության դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ ցանկացած օրենսդրական եւ գործնական միջոց կարող է արդյունավետ լինել միայն խորհրդարանների ամենալայն մասնակցության դեպքում:

ԲՀ ԱԺ-ի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին, իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, կարեւորեց երկու բարեկամ ժողովուրդների խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացումը: Նա ընդգծեց, որ երկու երկրների համագործակցությունը ամուր հիմքերի վրա է դրված: Պարոն Գումինսկին նկատեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է եւ կարող է իրեն թույլ տալ մեկ քայլ առաջ լինել պաշտոնական դիվանագիտությունից: Այս համատեքստում նա կարեւորեց միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը եւ միջազգային խորհրդարանական կառույցներում միմյանց աջակցելու կողմերի պատրաստակամությունը:

Քննարկումների ընթացքում խորհրդարանականների կողմից առաջարկ եղավ Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովին կից ստեղծել խորհրդարանականներից կազմված աշխատանքային խումբ:

Միջազգային խորհրդարանական կառույցներում երկու կողմերի միջեւ փոխգործակցության վերաբերյալ ելույթ ունեցավ հայկական կողմից միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ Հայաստանը եւ Բելառուսը շարունակում են ակտիվ համագործակցել միջազգային կառույցներում եւ հույս հայտնեց, որ կողմերը կշարունակեն սատարել միմյանց միջազգային կառույցներում եւ ունենալ համաձայնեցված դիրքորոշումներ: Երկու երկրներն առավել արդյունավետ համագործակցում են ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Պարոն Մարգարյանն ընդգծեց, որ Հայաստանը եւ Բելառուսը հանդիսանում են ռազմավարական գործընկերներ: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու գործընթացին:

Բելառուսական կողմից ելույթով հանդես եկավ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին: Նա, վերահաստատելով պարոն Մարգարյանի դիրքորոշումը, նշեց, որ առաջիկայում եւս երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները միջազգային կառույցներում կշարունակեն արդյունավետ համագործակցել:

Նիստում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կողմերն ընդունեցին որոշումներ, որոնք ներառում էին նիստի ընթացքում հնչած առաջարկները: Նիստի վերջում խորհրդարանականներն ընդունեցին համատեղ հայտարարություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել