Ոստիկանությունը պարզաբանում է

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը www.policemonitoring.org կայքէջում տեղադրված հայտարարության առիթով տարածել է հետևյալ պարզաբանումը:

«ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը 2014 թ. սեպտեմբերի 12-ին www.policemonitoring.org կայքէջում հայտարարություն է զետեղել, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ և ճանապարհին անհայտացել: Հրապարակումն ապատեղեկատվություն է և ունի նախապատմություն: ՀՀ ոստիկանության կողմից  21.08.2014 թ. թիվ 2/2-1-2003 գրությամբ դիտորդների խմբի համապատասխան հարցման վերաբերյալ տրվել էր մեկնաբանություն, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ: Դիտորդների խումբը հիմք չընդունելով ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը՝ 02.09.2014 թ. գրություն է ուղարկում ՀՀ ԱՆ ՔԿՎ  և խնդրում տեղեկատվություն տրամադրել՝ այս տարի ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ «Հեղինե Հայկազի Հասրաթյան» (ոչ Հեղինե Հայկազի Հարթենյան) անուն-ազգանունով կալանավորված անձ մուտք գործե՞լ է, թե՞ ոչ: 08.09.2014 թ. ստացվում է պատասխանը, որ «Հեղինե Հայկազի Հասրաթյան» կալանավորված անձ ՀՀ ԱՆ ՔԿՎ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի հաշվառումներով չի անցնում: Իսկ այդ ընթացքում Հեղինե Հարթենյանի (ոչ թե Հեղինե Հասրաթյանի) նկատմամբ կիրառվել էր կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը, որի հիման վրա 26.02.2014 թ. նա ազատ էր արձակվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ից:  Փաստորեն, դիտորդների խմբի, մեղմ ասած, անփութության պատճառով սխալ անձնական տվյալներ են տրամադրվել ՀՀ ԱՆ ՔԿՎ և միանգամայն սպասելի պատասխանից հետո անձի անհայտացման անհիմն մեղադրանք է ներկայացվել ոստիկանությանը:  Հետայսու հասարակությանը չապակողմնորոշելու և նման «թյուրիմացություններից» զերծ պահելու համար դիտորդական խմբին խորհուրդ ենք տալիս լիարժեք ու բարեխիղճ կատարել սեփական պարտականություններն ու իրապես համագործակցել ոստիկանության հետ՝ մեր ընդհանուր խնդիրները պատշաճ կերպով իրականացնելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել