Վահե Դեմիրճյանը կգործուղվի ՄԻԵԴ

Կառավարությունն այսօր որոշում կընդունի Վահե Դեմիրճյանին գործուղել Եվրոպայի խորհրդի  մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բնագավառում որոշակի բարդություն է ներկայացնում կայացված ու ակնկալվող մի շարք խնդրահարույց վճիռների կատարումը։

2019թ. ընթացքում սպասվող և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբան(ներ)ի ներկայությունը ԵԽ համակարգում և հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում։

Առաջին հերթին խոսքն, իհարկե, «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռի մասին է, որի շուրջ երկրորդ բանավեճը հնարավոր է ընդգրկվի ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա մարտին կայանալիք Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով նիստի օրակարգում։ Միաժամանակ, առկա է իրական հնարավորություն, որ տարվա ընթացքում դատարանը վճիռներ կկայացնի քաղաքական նշանակություն ունեցող մի շարք այլ գանգատներով։

ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերում ժամանակին և պատշաճ աշխատանքներ իրականացնել վճիռների կատարման ընթացքում, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեին տրամադրել ակնկալվող տեղեկատվությունը, ինչը բազմիցս օգտակար է եղել ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ լիազոր ներկայացուցչին և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը։

Հարկ է նշել նաև, որ համակարգում իրավաբանի ներկայությունն արդյունավետ է նաև կատարման առումով բարդություն ներկայացնող վճիռների իրականացման ընթացքում երկկողմ հաղորդակցություն ապահովելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրատապ խորհրդակցություններ և բանակցություններ նախաձեռնելու և կազմակերպելու հարցում։

Հատուկ պայմանավորվածությամբ 2012թ.-ից ԵԽ վճիռների կատարման վարչություն էր գործուղվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վահե Դեմիրճյանը։ Այս պարագայում գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են ԵԽ կողմից։

Վ. Դեմիրճյանի գործուղումը դրական է գնահատվել ԵԽ քարտուղարության կողմից, և բացառության կարգով ԵԽ քարտուղարությունը բազմիցս խնդրել է այն երկարաձգել։ Ներկայումս ԵԽ բյուջեում միջոցների անբավարարության պատճառով քարտուղարությունն այլևս հնարավորություն չունի երկարաձգել գործուղումը նույն պայմաններով։ Միաժամանակ, ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել գործուղումը Հայաստանից ֆինանսավորման պարագայում։

Վ. Դեմիրճյանի գործուղման ընթացքում՝ 2012 թ.-ից առ այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է ՀՀ դեմ կայացված մոտ 50 վճռի կատարման գործընթաց, այն պարագայում, երբ մինչև 2012թ. փակվել էր ընդամենը 5 վճռի կատարման գործընթաց: Նշված արդյունքն ապահովվել է Վ. Դեմիրճյանի և ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ լիազոր ներկայացուցչի գրասենյակի, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և այլ պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Արդյունքում, ներկայումս Հայաստանը դասվում է վճիռների կատարման առումով բարվոք վիճակում գտնվող երկրների շարքում, ինչը դրական ազդեցություն է թողնում նաև պետության վարկանիշի վրա:

ՀՀ-ից ԵԽ քարտուղարություն գործուղման ծախսերը հաշվարկվում են «ՀՀ դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության հարակից որոշումներով նախատեսված՝ «խորհրդական» դիվանագիտական պաշտոնին համապատասխան դրույքաչափերով։

Վահե Դեմիրճյանի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից ՀՀ ԱԳՆ-ին հատկացվող միջոցների հաշվին. 2019թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծախսերը կկազմեն 66,009 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Վահե Դեմիրճյանի փոխհատուցման գումարը կկազմի ամսական 2,318 եվրո, ընտանիքի 3 անդամների փոխհատուցման գումարը կկազմի՝ 695 եվրո, իսկ բնակարանի վարձավճարը՝ 1,625 եվրո:

Վահե Դեմիրճյանը գործուղման ընթացքում օգտվում է նաև «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված երաշխիքներից՝ որպես ՀՀ կառավարության կողմից օտարերկրյա պետություն գործուղված անձ (ընտանիքի 4 անդամների բժշկական ապահովագրությունը տարեկան կկազմի 8,898 եվրո, իսկ 2 երեխաների ուսման վարձավճարը տարեկան կկազմի 1,450 եվրո):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել