Հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի առաջ. ոստիկանությունը՝ Պետրոս Ղազարյանին

Վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: «Եվ քանի որ սկզբունքը հիմնարար է, այդ գործողությունները շարունակվելու են, ու համոզված ենք` շարունակելու են արժանանալ մեր համաքաղաքացիների հավանությանը: Ի տարբերություն, օրինակ, լրագրող Պետրոս Ղազարյանի, որն այսօր դժգոհություն է հայտնել իր թիմակցի նկատմամբ նույնպիսի գործողություն իրականացնելու կապակցությամբ: Մեղմ ասած, տարակուսելի դժգոհություն է, որովհետև հիշյալ անձին իսկապես շարասյուն էր ուղեկցում` միևնույն թվերը կրող համարանիշերով մեքենաներով: Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալիզմը պետք է որ բավականացներ շարասյան այդ, իրեն վստահաբար ծանոթ, «առանձնահատկությունը» հասկանալու համար, ավելին` առաջինը հենց ինքը, որպես լրագրող, պետք է խստագույնս դատապարտի այդ արատավոր երևույթը: Մինչդեռ, ցավալիորեն կատարվել է հակառակը, և մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի առաջ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, և այդ հավասարության ամրագրման ուղղությամբ պետք է գործի ոչ միայն ոստիկանությունը, այլև բոլորս, առաջին հերթին` հանրային ու հրապարակային գործիչները, հակառակ դեպքում սոցիալական արդարության պահանջը դատարկ հնչյուն է»,-նշել է ոստիկանությունը տարածած հաղոդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նորք Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը ԲՀԿ կուսակցության ավագանու ցուցակի 2-րդ համարը՝ Պետրոս Ղազարյանը հայտարարել էր, որ իրենց ավագանու ցուցակի 7-րդ համարին` Մարկոս Հարությունյանն, ով շուկայի զարգացման մենեջեր է, երեկ դիմակով անձինք «փռել են ասֆալտին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել