Քաղաքացին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ և ԿԸՀ նախագահի, ԱԺ փոխնախագահի

Քաղաքացի Լուսիկ Մինասյանը 2018 թվականի փետրվարի 2-ին  հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝  ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի:

Լուսիկ Մինասյանը պատասխանողներից պահանջել է հետևյալը.  «Պահանջս այն է, որ վերը նշված պատասխանողները կատարեն իմ կողմից իրենց ուղարկված այս հայցադիմումի հետ ներկայացված դիմումներիս պահանջները` դիմումներիս բովանդակությանը համապատասխան»։

Սակայն վարչական դատարանը, դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ մերժել է հայցադիմումի ընդունումը, քանի որ հայցը ենթակա չէր դատարանում քննության:

Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով միայն ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել ՀՀ վարչական դատարան։  Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ՝ եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար«
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար« սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության միջազգային պայմանագրի օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Տվալ դեպքում Լուսիկ Մինասյանը խնդրել է դատարանից «…պատասխանողները կատարեն իմ կողմից իրենց ուղարկված այս հայցադիմումի հետ ներկայացված դիմումներիս պահանջները` դիմումներիս բովանդակությանը համապատասխան», քանի որ  պահանջը օրենսգրքի վերոնշյալ նորմերով նախատեսված չէ։

Դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացված հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում։ Դեռևս տեղեկություն չկա՝ արդյոք վճիռը բողոքարկվել է։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել