Նոր կարգ՝ ոստիկանության կողմից հաղորդում ընդունելու, գրանցելու վերաբերյալ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության հավանոթւյան  է ներկայացրել ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու նոր կարգը:

Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

1) ոստիկանության ծառայողների կողմից անմիջականորեն հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնցով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու.

2) տեխնիկական միջոցներով հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնք քննվել են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) հանցագործության մասին հաղորդումներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 177-179-րդ հոդվածներով նախատեսված քրեական գործ հարուցելու առիթներ.

2) վարչական իրավախախտումների մասին հաղորդումներ՝ գրավոր և բանավոր հաղորդումներ, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ, ոստիկանության ծառայողի զեկուցագիրը` հայտնաբերված վարչական իրավախախտման մասին, վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին նախաքննության մարմնից, պետական այլ մարմնից, ոստիկանության կենտրոնական ապարատից կամ տարածքային մարմնից  ստացված գրությունը կամ հաղորդումը.

3) պատահարների վերաբերյալ հաղորդումներ՝ անմիջապես ոստիկանությունում հաղորդված կամ կապի միջոցներով ֆիզիկական և իրավաբանական անձանցից, պետական մարմիններից, ոստիկանության ծառայողից ստացված բանավոր տեղեկություններ դեպքերի մասին, որոնք առերևույթ հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ չեն պարունակում.

4) հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումների (այսուհետ՝ հաղորդումներ)  ընդունում` ոստիկանության կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի իրավասու ծառայողի կողմից  հաղորդումների ստացում.

5) հաղորդումների գրանցում՝ ոստիկանության կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի իրավասու ծառայողի կողմից հաղորդումների բովանդակության համառոտագրում հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում.

6) հաղորդումների հաշվառում՝ յուրաքանչյուր ընդունված հաղորդման հերթական համարով համարակալում, դրա հետագա ընթացքի վերլուծություն և սույն կարգով նախատեսված դեպքերում` նյութերի մատյանային և համակարգչային հաշվառում.

7) հաղորդումներին ընթացք տալը՝ ոստիկանության իրավասու  ծառայողների կողմից հաղորդման մեջ նշված փաստական  հանգամանքների ստուգման նպատակով օրենքով սահմանված գործողությունների իրականացում և որոշումների ընդունում (այսուհետ՝ ստուգում).

8) նյութեր՝  հաղորդումների ընդունման և ստուգման արդյունքում ձեռք բերված (ստեղծված) փաստաթղթերի, նյութական այլ կրիչների և առարկաների ամբողջություն.

9) անանուն հաղորդումներ՝ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված կամ առանց հաղորդում ներկայացնողի անվան, ազգանվան հիշատակման, ինչպես նաև առանց ստորագրության հաղորդում, իսկ էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ստացված հաղորդման դեպքում՝ առանց էլեկտրոնային թվային ստորագրության կամ ֆիզիկական անձի նույնականացումն ապահովող այլ միջոցի (բացառությամբ ծրիչի (սկաների) միջոցով ներբեռնված ստորագրության), անվան, ազգանվան նշման հաղորդում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել