Գույքահարկից ազատվելու որոշ արտոնություններ՝ զինծառայության հետ կապված

Գույքահարկի մասին ՀՀ օրենքով նախատեսվում են նաև որոշ արտոնություններ ու գույքահարկի վճարից ազտումներ՝ որոշ դեպքերում:

Քաղաքացու այն հարցին, թե՝ եթե իր որդին պարտադիր զինվորական ծառայություն է անցնում ՀՀ զինված ուժերում, արդյո՞ք կան տան գույքահարկի վճարման հետ կապված որևէ արտոնություններ, Իրավաբան.netն ի պատասխան տեղեկացնում է, որ համաձայն Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն.

Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`

1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների մասով.

2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն մասի 1-ին կետում նշված` գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.

3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող սույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

Իսկ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40 միլիոն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Սակայն սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, ինչպես նաև շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել