Նորություններ

150-300 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը 26 տոկոս դարձնելու վերաբերյալ օրինագիծը կներկայացվի կառավարությանը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության վաղվա նիստին գործադիրի  ներկայացնելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու օրինագիծ, որը ներկայացրել են ԱԺ պատգամավորների կողմից։

ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված նախագծում նշվում է, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» հոդված 150-ի համաձայն՝ մինչեւ 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային հարկի ավելի ցածր՝ 23 տոկոս դրույքաչափ՝ քան «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2015թ. ապրիլի 2-ի ՀՕ-246-Ն օրենքի Հոդված 10-ով ամրագրված 24.4 տոկոս դրույքաչափն է՝ ամսական մինչեւ 120 հազար դրամ եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար: Մինչդեռ արդեն իսկ ընդունված հարկային օրենսգրքով՝ 150 հազար դրամից ավել եկամուտ ստացող ֆիզիկական անձինք կունենան փաստացի եկամուտների նվազում, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ 26 տոկոսի փոխարեն կիրառվելու է եկամտային հարկի 28 տոկոս դրույքաչափ:

Նախագծի ընդունումը պայմանավորված է 150 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի գործող ցածր դրույքաչափը անփոփոխ թողնելու անհրաժեշտությամբ՝ նպաստելով նրանց փաստացի եկամուտների պահպանմանը:

Սակայն կառավարության գնահատականը բացասական է օրինագծի վերաբերյալ։ Մասնավորապես,  կառավարությունն առաջարկում է օրենքով նախա­տես­ված եկամտային հարկի հարկման բազայի տարեկան մեծությունը և եկամտային հարկի դրույ­քաչափը թողնել անփոփոխ հետևյալ հիմնավորմամբ.

Եկամտային հարկի գործող և հար­կային օրենս­գրքով սահմանված եկա­մտային հարկի դրույ­քաչափերի կիրառության արդ­յուն­քում ձևավորվող հար­կային բեռի մեծու­թյունների համե­մատությունը պետք է կատա­րել ոչ թե եկամտային տար­բեր միջա­կայ­քերի համար նախա­­տեսված դրույքաչա­փերի պարզ համեմատությամբ, այլ հարկ վճա­րող­ների եկամուտ­ների հարկումից հետո տնօրինվող եկա­մուտ­ների համեմատու­թյամբ: Մաս­նա­վորա­պես, հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հաշվետ­վու­թյուն­նե­րում ար­տա­ցոլված փաստացի տվյալների հիման վրա մեր կողմից կատարված վերլու­ծու­թյուն­ների և հաշ­վարկ­ների արդյունքները ցույց են տալիս, որ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված՝ եկա­մտա­յին հարկի դրույքաչափերի կիրառու­թյան արդյունքում՝

  • ամսական մինչև 279 հազար դրամ եկամուտ ունեցող վարձու աշխատողների համար, որոնք կազմում են բոլոր վարձու աշխատողների շուրջ 90 տոկոսը (շուրջ 553 հազար վարձու աշխատողներ), եկա­մտա­յին հարկի գծով հարկային բեռն իջնում է,
  • ամսական 279 հազար դրամից բարձր եկամուտ ունեցող վարձու աշխատող­ների համար, որոնք կազմում են բոլոր վարձու աշխատողների ընդամենը 10 տոկոսը (շուրջ 62 հազար վարձու աշխատողներ), եկա­մտա­յին հարկի գծով հարկային բեռը բարձրանում է:

Հարկ է նկատել, որ մինչև 279 հազար դրամ եկամուտ ստա­­ցող­­ների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ամրագրված դրույքաչափերով` վճարման ենթա­կա եկամտային հարկի գումարը նվազում է, իսկ մինչև 300 հազար դրամ եկամուտ ստա­ցող­ների համար այդ ավելացումը կազմում է ընդամենը 420 դրամ:

Միաժամանակ, հարկ է նշել նաև, որ եկամտային հարկի նոր դրույքաչափերի կիրա­ռու­­­թյունը ոչ միայն չի ավելացնելու պետական բյուջեի հարկային եկամուտները, այլ հան­գեց­­նելու է տարեկան շուրջ 3.8 մլրդ դրամի հարկային եկամուտների կորստի: Այսինքն, եկամտային հարկի` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերի կիրառմամբ կառավարությունը ոչ թե լուծել է լրա­ցու­ցիչ հարկային եկամուտներ ապահովելու, այլ տնտեսագիտորեն առա­վել հիմնավորված և եկա­մուտների վերաբաշխման տեսանկյունից առավել արդարացի հարկման դրույքաչափեր կիրա­­ռելու խնդիր, քանի որ եկամտային հարկի՝ 2018 թվականի հունվարի 1-ից գործող դրույ­քա­չա­փերի կիրառությունը ֆիզի­կա­­­կան անձանց հարկման համա­կարգը կդարձնի իրա­պես պրոգրեսիվ՝ դրանով իսկ պե­տու­­­թյանը հնարավորություն ընձեռելով իրա­կանաց­նել եկամուտների վերաբաշխման գոր­ծա­­ռույթը:

Տեղին է նշել, որ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի առաջին երկու մակարդակների դրույքաչափերի միջև տարբերությունն աննշան է, ի տար­բերություն երկրորդ և երրորդ մակարդակների դրույքաչափերի միջև առկա մեծ տար­բե­րության: Եկամտային հարկի նման դրույքաչափերի սահմանումը միտված է հարկման արդարացիության սկզբունքի, ինչպես նաև պետության վերաբաշխողական գոր­ծա­­ռույթի կատարելագործմանը, քանի որ դրանց կիրառությունը ենթադրում է, որ մինչև միջին աշխատավարձի մակարդակում գտնվող եկամուտների համար հարկային բեռը իջեց­վել է, իսկ դրանից բարձր եկամուտների համար` բարձրացվել:

ԱԺ պատգամավորներից կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասը պետք է շարադրվի նոր խմբագրությամբ.

  1. Եթե սույն հոդվածի 2-14-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

1) ամսական դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.

Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 150000 դրամը ներառյալ 23 տոկոս
150000-ից մինչեւ 300 000 դրամը ներառյալ 34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
300 000-ից մինչեւ 2 000 000 դրամը ներառյալ 73500 դրամ՝ գումարած 300000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
2000000-ից ավելի դրամ 549500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

2) տարեկան դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.

Հարկման բազայի տարեկան մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 1800000 դրամը ներառյալ 23 տոկոս
1800000-ից մինչեւ 3600000 դրամը ներառյալ 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
3600000-ից մինչեւ 24000000 դրամը ներառյալ 882000 դրամ՝ գումարած 3600000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ 6594000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

Այս փոփոխությունն հավանություն ստանալու դեպքում  ուժի մեջ կմտնի 2018թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել