Նորություններ

Հայտնաբերվել է զենքը, որով սպանել են 48-ամյա տղամարդուն

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու սպանության համար: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն:

2017թ. հոկտեմբերի 3-ին որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Նորագավիթի բնակիչ Ս.Ավագյանը՝ ծնված 1969 թ., ով հոկտեմբերի 4-ի առավոտյան, առանց գիտակցության գալու, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրա առնչությունը տուժողի հետ, սպանության շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ Երեւանի 46-ամյա բնակիչը Ս.Ավագյանի ուղղությամբ կրակել եւ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք է պատճառել իր ավտոմեքենայի միջից։ Կատարված խուզարկությամբ նրան պատկանող «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի պարկուճ։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ եւ նշանակվել փորձաքննություններ։

46-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի  ընթացքում նա ներկայացրել է մեկ հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ, որի պահունակի մեջ գտնվել է 5 փամփուշտ, եւ հայտարարել, որ նշված ատրճանակով է կրակել տուժողի ուղղությամբ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 6-ին նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել