Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից արտաբերված թունաքիմիկատները պետք է փաթեթավորվեն տեղում

Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացվող գործընթացների և առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցությունը վարեց ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, քննարկմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ծրագրի տնօրեն Գայանե Ղարաբեբակյանը, Գյուղատնտեսության և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Ծրագրի նպատակն է ակտիվ սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված ԿՕԱ-ների արտաբերումը, փաթեթավորումը և ոչնչացման համար տեղափոխումն անվտանգ մեկուսացված վայր:

Քննարկման ընթացքում հատուկ ընդգծվեց, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից արտաբերված թունաքիմիկատները պետք է փաթեթավորվեն տեղում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից հատուկ տարաներում, որոնք հերմետիկ են և որևէ վտանգ շրջակա միջավայրի համար չեն ներկայացնում:

Թունաքիմիկատների համար նախատեսվում է տրամադրել պահեստային շինություն, որը հնարավորություն կտա ՀՀ-ում ունենալ քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք` համապատասխանեցված բնապահպանական ժամանակակից անվտանգության ապահովման չափանիշներին:

Նշենք, որ «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագիրը ստորագրվել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության միջև և ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրներում: Մինչև ծրագրի ստորագրումը կազմակերպվել են մի քանի հանրային լսումներ, ինչպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, այնպես էլ ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության կողմից: Հանրային քննարկումներին մասնակցել են նաև բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

ՀՀ ԱԻՆ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել