Նախորդ դարից գործող օրենսգիրքը փոխվում է․ կառավարությունը հաստատեց ՎԻՎ նոր օրենսգրքի նախագիծը

1985 թվականին ընդունված և առ այսօր գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օերնսգրքում կատարվել են «կարկատանի տեսք ունեցող» փոփոխություններ։

Այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով նոր օրենսգրքի նախագիծը ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ առ այսօր կատարվել են իրարամերժ, հակասական և ոչ համակարգային փոփոխություններ․ «Դա է պատճառը, որ վերջին 20 տարիների ընթացքում շուրջ 80 իրավական ակտեր են ընդունվել, որոնք սահմանել են վարչական պատասխանատվություն այս կամ այն ոլորտում խախտում կատարելու համար, սակայն իրենց բնույթով նույն այդ փոփոխությունները հակասել են մայր օրենսգրքին»,- նշեց տիկին Հովհաննսիյանը։

Նա մի քանի օրինակ բերեց օրենսգրքում դեռևս առկա են այնպիսի ակնհայտ անհիմն ու անհարկի հասկացություններ, ինչպիսիք են «ԽՍՀՄ համակարգը», «սոցիալիստական սեփականությունը», «սոցիալիստական օրինականությունը», «վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» և այլն:

Բացի այդ, օրենսգիրքը բացարձակապես ներքին տրամաբանական կապի մեջ չի գտնվում քրեական օրենսգրքի հետ, ըստ նախարարի՝ մի շարք խախտումների համար ՎԻՎ օրենսգրքում նախատեսված է ավելի բարձր պատասխանատվություն, քան քրեականում, կամ էլ կրկնվում են նմանաբնույթ խախտումների համար պատասխանատվության տարբեր միջոցները։

 Նախարարը ներկայացնելով նոր նախագիծը հայտնեց, որ այն շուրջ երկու տարվա քննարկումների փուլ է անցել։ Նա օրինակ բերելով՝ ասաց, որ նախագծով առաջարկում է կարմիր գիծը խախտելու համար նախատեսվում է 3000-5000 դրամ, ընդ որում՝ ամրագրվել է, որ վարչական մարմինը չպետք է հայեցողական մոտեցում ցուցաբերի, այլ սահմանի հստակ իրավիճակներ՝ կոնկրետ տուգանքի չափի համար։

Այս նախագով՝

1․ Ապահովված է վարչական զանցանքների հիմնավորված դասակարգումը և դրանց համար նախատեսված սանկցիաների ներդաշնակությունը, միևնույն հետևանքներ ունեցող զանցանքների համար վարչական տույժերի միատեսակ կիրառումը:

2․ Արմատապես վերանայվել են վարչական ձերբակալման հիմքերը: Ձերբակալված անձը չի կարող անազատության մեջ պահվել 3 ժամից ավել: Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: 3 ժամից ավելի տևողությամբ ժամկետով, բայց ոչ ավել քան 48 ժամը, կարող են ձերբակալվել՝

1) ոչ սթափ վիճակում գտնվող անձինք՝ մինչև սթափվելը.

2) սահմանային կամ մաքսային ռեժիմը կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք՝ մինչև ինքնությունը պարզելը:

3․ Որպես վարչական հարկադրանքի միջոց սահմանվել է նաև գույքի արգելադրումը,  դաստիարակչական հսկողությունը, տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը և (կամ) տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելը, սթափության վիճակի զննությունը: Իսկ վարչական իրավախախտմամբ ձեռքբերված գույքի բռնագրավվումը որպես վարչաիրավական ներգործության այլ միջոց:

Կառավարությունն այսօր հաստատեց ՎԻՎ նոր օրենսգրքի նախագիծը։

Մանրամասները՝ նախագծում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել