Փորձել է բռնաբարել երիտասարդ աղջկան, սակայն ոստիկանները ժամանակին են հասել

Անուշավան Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով Արտաշատ քաղաքի զբոսայգու տարածքում և հետևելով ու տեսնելով, Կարինե Ղ․-ը բնական կարիքնները հոգալու համար մտել է հասարակական զուգարան` վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ նրա հետևից մոտեցել ու դիմադրությունը ճնշելու, նրա կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նկատակով մի ձեռքով բռնելով նրա պարանոցից սեղմել, իսկ մյուս ձեռքով սկսել է արձակել նրա հագի տաբատի կոճակները, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, այն է` Կարինե Ղ․-ը ակտիվ դիմադրել է, կծել է աջ ձեռքի ցուցամատի և աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել, չի թողել որպեսզի իր հագուստները հանի բղավոցներից ներս են մտել զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները և նրան բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Դատարանում տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը, երբ ինքը նստել է զբոսայգու տարածքում գործող բացօթյա սրճարանի սեղաններից մեկի շուրջ և սուրճ է պատվիրել, մինչ այդ իրեն անծանոթ, գործով ամբաստանյալ Անուշավան Ս․-ը մոտեցել ու նստել է իր կողքի աթոռին: Ինքը պահանջել է, որ նա հեռանա իր մոտից, սակայն վերջինս համառել, ապա տեղափոխվել և նստել է իր դիմացի աթոռին, որից հետո սկսել է խոսել` ասելով, որ սիրահարվել է իրեն և այլն, իսկ այնուհետև, առանց իր համաձայնությունը հարցնելու, վճարել է իր պատվիրած սուրճի դիմաց: Դրանից հետո, երբ ինքը որոշել է հեռանալ սրճարանից, ամբաստանյալից պահանջել է չհետապնդել իրեն, ապա քայլել է դեպի զբոսայգու տարածքում գտնվող հասարակական զուգարանի կողմ։ Սկզբում շփոթել ու բացել է տղամարդկանց համար նախատեսված զուգարանախցի դուռը, ապա մտել է կանանց համար նախատեսվածը: Մի քանի րոպե անց, երբ ինքը լվացվել է` պատրաստվելով դուրս գալ զուգարանից, ամբաստանյալը մտել է ներս: Վերջինիս տեսնելով` ինքը սկսել է բղավել, սակայն այդ պահին նա մի ձեռքով բռնել է իր բերանը, իսկ մյուս ձեռքով գրկել և սեղմել է մարմնին` ասելով, որ ցանկանում է սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Ինքը դիմադրել է, որպեսզի կարողանա ազատվել և փախչել ամբաստանյալից, որի ընթացքում նաև կծել է նրա ձեռքը և ուսը, սակայն վերջինս շարունակել է նույն պահվածքն ու գցելով գետնին` փորձել է իջեցնել իր տաբատը, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ ոստիկանության աշխատակիցներն այդ պահին մտել են ներս, կանխել և ամբաստանյալին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Անուշավան Ս․-ը իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ գործով տուժող Կարինե Ղ․-ի հետ ծանոթացել է դեպքի օրը` սրճարանում: Նա միայնակ նստած է եղել սրճարանի սեղաններից մեկի մոտ, ինքը մոտեցել և նստել է նույն սեղանի շուրջ, որից հետո ծանոթացել ու մոտ 30 րոպե զրուցել են միմյանց հետ: Այնուհետև ինքը վճարել է Աննայի պատվիրած սուրճի դիմաց, որից հետո նա գնացել է զուգարան: Դրանից մոտ 1-2 րոպե անց ինքն անհանգստացել է նրա ուշացման համար և գնացել է դեպի զուգարանի կողմ: Այդ ժամանակ տուժողը գտնվել է կանանց համար նախատեսված զուգարանի դռան մոտ և ձեռքով կանչել է իրեն, իսկ երբ ինքը մոտեցել ու նրա ետևից մտել է ներս, վերջինս սկսել է բղավել` «բաց թող» և այլն: Ինքը փորձել է հանգստացնել նրան` ասելով, որ գնում է, իսկ երբ ցանկացել է դուրս գալ զուգարանից, ոստիկանները բռնել են իրեն:

Տուժողին բռնաբարելու դիտավորություն և նման ցանկություն ինքը չի ունեցել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, չի փորձել հանել նրա հագուստները, վերջինս իրեն չի կծել: Նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ է տվել միայն այն պատճառով, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը` թե կոնկրետ ով, չի հիշում, իրեն ասել է, որ եթե խոստովանական ցուցմունքներ տա, ապա` կազատվի, կգնա տուն և չի դատապարտվի:

Առաջին ատյանի դատարանը վճռել է Անուշավան Ս․-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի 3 ամիս ժամկետով:

Վճիռը բողոքարկվել է վերաքննիչ ատյանում, սակայն դատարանը բողոքը մերժել է։

Տեղեկատվությունը վերցրված է դատական տեղեկատվական համակարգից, գործով անցնող անձանց անունները փոփոխված են։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել