Ռազմական ոստիկանությունում են ասել, որ Հայկազին սպանել են ու կախել․կուրսանտի ցուցմունքը դատարանում

19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության նախորդ օրը՝ 2015թ․ հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում խնջույք է կազմակերպվել, որին մասնակցել են նաև ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած, նախկին կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը։

Այս մասին դատարանում այսօր պատմեց սույն գործով որպես վկա անցնող կուրսանտ Հ․Ս․-ն․ «Դադարից հետո բաձրացել ենք վերև, հաց ենք կերել, իջել ենք ներքը ու գնացել քնելու»,- նշեց զինծառայողը, իսկ «հաց ուտելու» առիթը, ինչպես ավելի ուշ պարզվեց նրա նախաքննական ցուցմունքից, Վաչեի ծննդյան տարեդարձն էր, որը օրեր առաջ էր եղել։

Կուրսանտները բարձրացել են համալսարանի պահեստասենյակ՝ իրենց հետ տանելով սնունդ և ոգելից խմիչք։ Վկան պատմեց, որ եղել են 7 հոգով և խմել են մեկ շիշ օղի։ Հացկերույթի մասին սպաներից որևէ մեկը տեղյակ չի եղել։

Վկայից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաքրքրվեցին, թե արդյոք այդ ընթացքում Հայկազ բարսեղյանի մասին խոսել են մյուս կուրսանտներ, պատասխանեց․ «Հայկազի մասին խոսակցություն չեմ լսել, ոչ էլ այդ օրը տեսել եմ նրան»։

Դատավոր Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչ բնավորության կրող են ամբաստանյլաները, վկան սկսեց նրանց մեկ առ մեկ նկարագրել․ «Մովսեսը նորմալ տպավորոյթւոն է թողել, առանձնապես ագրեսիվ բան չեմ նկատել, նույնը Վաչեն, Նորիկին առձնապես չեմ ճանաչել, Գնելն էլ ագրեսիվ չէր, տղաներից ոչ մեկ ագրեսիվ չի եղել»։

Հաջորդ առավոտյան անսովոր աշխույժություն է նկատել զորամասում, պարզվել է, որ բոլորը փնտրում են Հայկազին․ «Շարեցին, ասեցին ման եկեք Հայկազին, փնտրում էինք, հանկարծ ֆիզգրադոկի կողմից ձայներ լսեցինք, վազեցինք այնտեղ, տեսանկ, որ կախված է Հայկազը»,- պատմեց կուրսանտը։

Հարցին, թե ինչ էին խոսում զորամասում Հայկազի սպանության մասին, վկան դժվարացավ հստակ պատասխան տալ, միայն նշեց, որ ինքը մյուսների հետ չի քննարկել այդ հարցը, միայն ավելի ուշ, երբ իրեն տարել են Ռազմական ոստիկանություն, ասել են, որ Հայկազին սպանել են ու կախել, ինչպես նաև հայտնել են, որ սույն գործով 4 ամբաստանյալներին են ձերբակալել։

Այսօրվա ցուցմունքից հետո մեղադրող կողմը հայտարարեց, որ նկատել է որոշ հակասություններ և միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքներ, ինչը ընդունվեց (մանրամասները՝ տեսանյութում)։

Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության` Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել