Ուշադրություն. միայն կտակ կազմելը բավարար չէ

Հաճախ թյուր պատկերացում է կազմվում այն մասին, որ կտակի առկայության դեպքում կտակում չնշված ժառանգները ոչ մի դեպքում իրավունք չունեն ժառանգության հավակնել: Սակայն ամենևին էլ այդպես չէ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի համաձայն`
1. Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
2. Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

Օրինակ, եթե ժառանգատուի հաշմանդամ երեխան ըստ օրենքի իրավունք ունի հավակնել ժառանգության ½-ին, ապա տվյալ դեպքում իրավունք ունի ստանալ ժառանգության ¼-ը:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ նույնիսկ այն դեպքում, երբ կտակով ժառանգություն չի հատկացվել
• ժառանգատուի անչափահաս երեխաներին,
• ժառանգատուի հաշմանդամ երեխաներին, ամուսնուն, ծնողներին,
• ժառանգատուի անգործունակ ճանաչված երեխաներին, ամուսնուն, ծնողներին,
• ժառանգատուի 60 տարեկան դարձած երեխաներին, ամուսնուն, ծնողներին,
վերոնշյալ անձինք իրավունք ունեն ժառանգության բացման ժամանակ պահանջել իրենց պարտադիր բաժինը:
Վերոնշյալ իրավական նորմի նպատակը կայանում է նրանում, որ օրենսդիրը նման եղանակով ցանկացել է պաշտպանել տնտեսապես խոցելի խավին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել