Ձմեռ պապը պետք է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում լիներ. իրավաբան

Իրավաբան Արմինե Չախալյանը նախապես է պլանավորում ողջ տարվա անելիքները, այս տարին նույնպես բացառություն չի կազմել: Նա պատասխանել է Իրավաբան.net-ի ամանորյա բլից-հարցերին:

-2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը:

– Եթե ամփոփենք տարին մեր երկրի և ժողովրդի համար կարծում եմ և՛ մեծ փորձությունների, և՛ մեծ ձեռքբերումների տարի էր։ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը իր հետքը թողեց բոլորիս ընտանիքներում, սրտերում տանելով մեզանից հարազատ մարդկանց։

Միևնույն ժամանակ, մեր երկրի համար հաղթանակների տարի էր հատկապես օլիմպիական խաղերի առումով, մեր մարզիկները փայլուն արդյունքներ գրանցեցին ոգևորելով բոլորիս։ Քանի որ ես շատ եմ սիրում սպորտը, հետևում եմ սպորտային անցուդարձին հատկապես հայ մարզիկների խաղերին, ինձ համար տպավորիչ  էր նաև վերջերս Հենրիխ Մխիթարյանի փայլուն գոլը, որը կարծում եմ նախատոնական հրաշք էր։ Անձամբ ինձ համար, որպես իրավաբան այս տարին մասնագիտական ձեռքբերումների տարի էր, որոշ գործերով հասել ենք շատ կարևոր արդյունքների, իհարկե ձեռքբերումները առանց ձախողումների չեն լինում, սակայն բնավորությամբ համառ մարդ եմ և միշտ աշխատում եմ այնքան` մինչ կհասնեմ ցանկալի արդյունքների։

-Իրավական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի

-Որպես սահմանադրագետ նախ նշեմ, որ 2016 թվականի հունվարից ուժի մեջ մտան բարեփոխված սահմանադրության մի շարք դրույթներ, Սահմանադրական դատարանը որոշ գործերով կարևոր իրավական դիրքորոշումներ արտահայտեց, այժմ Ազգային ժողովում է գտնվում ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը, որը հույս ունեմ կընդունվի։

-Կա՞յին զավեշտալի իրավական գործեր:

– Իհարկե կային և՛ զավեշտալի, և՛ շատ տխուր դեպքեր, սակայն չեմ ցանկանա որևէ մեկը այժմ առանձնացնել` էթիկայի կանոններից և գաղտնիությունից ելնելով։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

– Կարծում եմ Ձմեռ պապը իրավաբան լինելու դեպքում պետք է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում լիներ՝ պաշտպաներ բոլորի իրավունքները և օժտված լիներ համապատասխան այնպիսի լիազորություններով, որ կարողանար իրականացնել բոլորի երազանքները, հատկապես՝ երեխաների երազանքները։

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները կարծում եմ ընտանեկան տոներ են, որոնք պետք է նշել ընտանիքի, հարազատների և ընկերների հետ։ 2017 թվականը դիմավորելու եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, այնուհետև գործընկերներիս հետ։ Ինձ համար սա տարվա մեջ ամենասիրված և ամենասպասված տոնն է։ Ամանորը բոլորին միավորում է, դա այն միակ ժամանակահատվածն է, երբ ընտաիքի բոլոր անդամները անկախ աշխատանքային զբաղվածության աստիճանից տանն են։ Սա նաև լավ ժամանակահատված է մտորելու անցյալի և ապագա անելիքների վերաբերյալ, նոր ծրագրեր մշակելու և ուժերը վերականգնելու համար։

-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:15822315_1541378529223100_1824831863_n

– Այո, ունեմ։ Ես հավատում եմ ամանորյա հրաշքներին։ Կարծում եմ մի օր բոլոր երազանքները կիրականանան, պարզապես պետք է ողջ հոգով հավատալ։

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

– Ամանորյա տոների նախապատրաստական աշխատանքների բաժանումը ընտանիքիս անդամների միջև կատարում է մայրիկս։ Ինձ միշտ բաժին է ընկնում տան ձևավորման պատասխանատվությունը։ Ցավոք այս անգամ խոհանոցում չեմ հասցրել լինել, սակայն սիրում եմ պատրաստել։

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Արդեն իսկ պլանավորել եմ ողջ 2017 թվականի մասնագիտական անելիքներս։ Կաշխատեմ ավելի մեծ ոգևորությամբ և  պատրստակամությամբ աջակցել հասարակության և պետության ներկայացուցիչներին հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի իրականացման, մարդու իրավունքների և գործործարար շահերի պաշտպանության հարցերում: Կարծում եմ, որ այս տարի ևս  կներկայացնեմ նոր, թարմ գաղափարներ ու հետաքրքիր իրավական նախագծեր: Ցանկանում եմ, որ 2017 թվականը խաղաղ տարի լինի, մեր զինվորները խաղաղ պայմաններում ծառայեն և վերադառնան տուն, իսկ սահմանում էլ երբեք լարվածություն չլինի։

Ա.Չ.

Լուսանկարները՝ Արմինե Չախալյանի անձնական արխիվից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել