Ըստ քաղաքացու հաղորդման՝ ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել իր նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզի բնակիչ Ազնիվ Ս.-ն հաղորդմամբ հայտնել է ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին:

Մասնավորապես քաղաքացի Ազնիվ Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներն այցելել են իր բնակարան և հայտնել, որ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով որոշում է կայացվել իրեն բերման ենթարկելու մասին, ապա առաջարկել են իրենց ուղեկցությամբ ներկայանալ դատարան: Երբ հրաժարվել է դատարան ներկայանալուց, ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողները, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունների սահմանները, բռնություն են կիրառել իր նկատմամբ:

ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել