Հունվարի 1-ից կգործեն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման նոր սակագներ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 9-ի կայացած նիստում քննարկվել են «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման միասնական սակագների սահմանման մասին հարցերը:

Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է.
ա.  «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա,

բ.  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները.

1) խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

2) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել