Խորհրդարանը քննարկել եւ ընդունել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, անդրազգային ռիսկերի վերհանման ու գնահատման ապահովումը, Ֆինանսական հետախուզության մարմինների միջեւ համագործակցությունը. ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

ՀՀ ԱԺ նոյեմբերի 15-ի հերթական նիստում քննարկվել է ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

2023 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետը Բիշքեկում ստորագրել է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն ստորագրել են նաեւ Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը:

Ըստ զեկուցողի` համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար` տեղեկությունը ներկայացնող երկրի օրենսդրությամբ: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց` առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

ԱԺ-ն քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը : Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել