ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանն  ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ. Բուայայի գլխավորած պատվիրակությանը:

Ֆիլիպ Բուայան շնորհավորել է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարը կարևորելով ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետության գործում ընդգծել է հատկապես դատախազության դերը:

ՀՀ գլխավոր դատախազը, ողջունել է Երևանում «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների միջազգային համաժողովի» անցկացումն ու դրան մասնակցելու նպատակով ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարի այցը Հայաստան: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրել է, որ դատախազությունը մշտական և գործուն ներգրավվածություն ունի ԵԽ տարբեր կառույցների կողմից ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց երաշխիքների ապահովմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում օրենսդրական փոփոխությունների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին:

Ընդգծելով ՀՀ դատախազության և ԵԽ-ի միջև համագործակցության կարևորությունն ու առկա բարձր մակարդակը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել զարգացնել  երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով աշխատանքային ոլորտներն ու ապահովելով դրանց շարունակականությունը:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել