ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներին: ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ներկայացված որոշման նախագիծն ուժի մեջ մտնելու դեպքում, պետահամարնիշներում կօգտագործվեն ևս երկու նոր տառ՝ «G» և «X» տառերը:
Որոշման նախագիծը հիմնավորվում է այսպես. «Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են»:
Նշված հարցը կարգավորելու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով գործող որոշման 3-րդ հավելվածը նոր խմբագրությամբ շարադրվելու արդյունքում 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշերում, բացի «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերից, կարող են օգտագործվել նաև «G» և «X» տառերը: