Հեղինակային իրավունքների պաշտպանությունը

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան:

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել՝
ա) իր իրավունքների ճանաչում.
բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.
գ) նմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում.
դ) վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը)` օրենքով սահմանված կարգով.
ե) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը.
զ) դատական վճռի հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով և մասով, իրավախախտողի միջոցների հաշվին.
է) իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում:

«Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերը կարող է պահանջել, որ այն անձինք, ովքեր որևէ կերպ առնչվում են հեղինակային և հարակից իրավունքների խախտմանը (արտադրողներ, տպագրողներ, ներկրողներ, նմանակված օրինակներ կամ իրավախախտում առաջացնող սարքավորումներ տիրապետողներ), պահանջի դեպքում անմիջապես տեղեկություններ հայտնեն կեղծ օրինակների արտադրությանը և տարածմանը մասնակցող երրորդ անձանց, ինչպես նաև այդ օրինակների ձեռքբերման աղբյուրների ու տարածման ուղիների մասին և ներկայացնեն խախտմանն առնչվող փաստաթղթերը»,-Iրավաբան.net-ի լրագրողին է հայտնում Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը։

Նրա խոսքով` անձինք, ովքեր հրաժարվում են տրամադրել պահանջված տեղեկությունը կամ փաստաթղթերը, պատասխանատվություն են կրում այն վնասների համար, որոնք կարող են պատճառվել նշված պարտականությունը կատարելուց հրաժարվելու հետևանքով։

«Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ չպահանջած նմանակված օրինակները, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար օգտագործված նյութերն ու սարքավորումները դատարանի վճռով կարող են ոչնչացվել»,- ասում է Սերինե Խաչատրյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել