ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարական հարկադրանքի միջոցների կիրառման դրույթների շարքում իր ամրագրումն է ստացել նաև այդ միջոցների նկատմամբ դատական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրական նորմերը:
Քրեական դատավարության ընթացքում քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու նկատմամբ իրականացվում է նախնական դատական վերահսկողություն:
Այսպես, անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
Այնուհետև, ՀՀ գործող քրեադատավարական օրենսդրությունը` կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, պարտադիր է համարում դատարանից ստացված համապատասխան թույլտվությունը: Մասնավորապես, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում` դատախազի կամ քննիչի հարուցված միջնորդության հիման վրա:
Բացի այս, միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա են կիրառվում քրեադատավարական հարկադրանքի հետևյալ միջոցները` կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, կասկածյալներին, մեղադրյալներին և այն անձանց, որոնց հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրանց ներգրավել որպես մեղադրյալ, բժշկական հաստատությունում տեղավորումը` դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար:
Աղբյուրը՝ Իրավաբան.net