Սուտ մատնություն կատարողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում  են , որ 2014թ. հուլիսի 25-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2013 թվականին համացանցի միջոցով ծանոթացել և տևական ժամանակ շփվել է ոմն Արթուրի հետ, ով, ինչպես հետագայում է պարզվել, հանդիսացել է ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանը: 2013թ. նոյեմբերին հանդիպել է Ա. Մկրտչյանին և նրա տեղակալին,  փորձել է խզել հարաբերությունները, սակայն Ա. Մկրտչյանը սպառնալիքների ներքո իրեն նստեցրել է ավտոմեքենան, առևանգել, տարել է անմարդաբնակ վայր, որտեղ ավտոմեքենայի սրահում` ատրճանակի սպառնալիքի տակ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել,  այնուհետև հիշյալ բռնի գործողությունները կատարել է նաև նույն ավտոմեքենայում գտնվող նրա տեղակալը: Քաղաքացին հայտնել է նաև, որ դեպքից որոշ ժամանակ անց Ա. Մկրտչյանի հետ վիճաբանել է, որի ընթացքում վերջինս իր նկատմամբ կիրառել է բռնություն:

Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում մանրակրկիտ ստուգվել է Գոհարիկ Ս.-ի հայտնած տեղեկությունների իսկությունը, և գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել, որ իրականում Գոհարիկ Ս.-ն ոստիկանության ծառայող Ա.Մկրտչյանին ընդհանրապես չի ճանաչել և նրան երբեք չի հանդիպել: Հիմնավորվել է, որ ո´չ Ա. Մկրտչյանը, ո´չ էլ որևէ այլ անձ Գոհարիկ Ս.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ չեն կատարել, իսկ վերջինիս կողմից ոստիկանության ծառայողին ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրելը պայմանավորված է եղել նրանից վրեժխնդիր լինելու մտադրությամբ (մինչ այդ, Գոհարիկ Ս.-ի ամուսինը հրավիրվել է ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ նրա հետ անցկացվել է օպերատիվ հարցազրույց, ինչի արդյունքում բացահայտվել է գողության դեպքը):

Նախաքննության ընթացքում բազմաթիվ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների ճնշման տակ Գոհարիկ Ս.-ն  խոստովանել է, որ նախկինում սուտ մատնություն է կատարել և իրականությանը չհամապատասխանող կեղծ ցուցմունքներ է տվել, հաստատել է Ա. Մկրտչյանին ծանոթ չլինելու ու ընդհանրապես բացառել է իր նկատմամբ ոտնձգություններ կիրառելու հանգամանքը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին, իսկ Գոհարիկ Ս.-ի կողմից սուտ մատնություն կատարելու և սուտ ցուցմունքներ տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել