Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության դեպքերով գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

2015 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կ.-ն և նույն բաժնի քննիչ Գագիկ Ա.-ն, փողոցում նկատել են միմյանց հետ վիճաբանող շուրջ 25-30 անձի: Մոտենալով վերջիններիս՝ ներկայացել են որպես քննիչներ և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, սակայն վիճաբանող անձինք` քաղաքացի Վարուժան Մ.-ն և նրա տղաները, այլ անձինք ցավագին ընդունելով իշխանության ներկայացուցիչների պահանջները, հարձակվել են քննիչների վրա ու ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:Այս մասին տեղեկանում ենք հատուկ քննչական ծառայության կայքից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Վարուժան Մ.-ի կինը հայտնել է, որ հիշյալ դեպքին միջամտած քննիչները իր ամուսնու և որդիների նկատմամբ կիրառել են բռնություն և պատճառել մարմնական վնասվածքներ: Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել