Հանցագործության մասին հաղորդումների քննարկումը

Եթե անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, ապա հետաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է ընդունել ցանկացած հաղորդում, որը վերաբերվում է  հանցագործությանը:

«Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում, դրանց ստուգման պահից` 10 օրյա ընթացքում: Հանցագործության մասին հաղորդումները քննարկելուց հետո  ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`քրեական գործ հարուցելու մասին կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»,- Իրավաբան. net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

Նրա փոխանցմամբ` եթե  վարույթն իրականացնող  մարմինը որոշում է կայացնում նյութերով քրեական գործ հարուցելու մասին,  և   եթե հանցագործությունից տուժած անձը հայտնի է լինում, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող:

Դրանից բացի, եթե վարույթն իրականացնող  մարմնի կողմից որոշում է կայացվում քրեական գործ հարուցելու  մասին, ապա  նա պարտավոր է որոշման պատճենը ուղարկել հանցագործության մասին հաղորդում տված ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

«Այն դեպքում երբ  քրեական գործ  հարուցելու առիթները և հիմքերը բացակայում են,  ապա դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում է կայացնում քրեական գործի հարուցումը մերժելու մասին»,- նշում է իրավաբանը:

Քրեական գործի հարուցումը  մերժելու մասին որոշման պատճենը վարույթը իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում ուղարկում է  գործի վերահսկող դատախազին, ինչպես  նաև որոշման պատճենը անհապաղ ուղարկում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կարող է բողոքարկվել 7 օրյա ժամկետում, ինչպես  դատախազին այնպես  էլ դատարան:

Արա Ղարագյոզյանի խոսքով` եթե հաղորդում տվող անձը դատարան է դիմում և  բողոքարկում է քննիչի որոշումը, և դատարանի կողմից  բողոքարկվող որոշումը վերացվում է, ապա վարույթը իրականացնող  մարմնի  համար պարտադիր է դառնում  քրեական գործի հարուցումը:

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել