Կառավարությունը մեխանիզմներ է մշակել՝ պաշտպանելու պարտատերերի և պարտապանների շահերը

Ֆինանսական շուկայական տնտեսության պայմաններում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ բացակայում է շուկայի մասնակիցների` իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարելու հնարավորությունը: Ուստի անհրաժեշտ է որոշակի իրավական գործիքների և կանոնակարգումների միջոցով պաշտպանել ինչպես պարտատերերի, այնպես էլ պարտապանների շահերը:

Նման համոզմունք ունեն կառավարությունում: Վաղը կառավարության նիստին կներկայացվի «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (ՀՀ օրենքի նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ): Նախատեսվում է, որ այն կներկայացնի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Ներկայումս սնանկության ոլորտում բացակայում է Ճգնաժամային կառավարման մեխանիզմը, Սնանկության մասին ՀՀ օրենքը պարտավորեցնում է պարտապանին դիմել դատարան՝  կամավոր սնանկության այն դեպքում, երբ պարտավորությունները գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը:

Նշվում է, որ կամավոր սնանկության դիմումին հետևում են սահմանափակումները՝  մորատորիումը, ինչը գործնականում ստեղծում է դժվարություններ ընկերության հնարավոր առողջացման և շուկա վերադառնալու հրատապ քայլեր կատարելու համար:  Կամավոր սնանկության դիմող պարտապանը օգնության ձեռք է փնտրում, որը նրան պետք է մատչելի լինի անմիջապես: Այսինքն, ճգնաժամում հայտնված պարտապանին այնպիսի աջակցություն է պետք, որը գործնականում հնարավորություն ընձեռի բանակցել և ստանալ պարտավորությունների կատարման նոր մեխանիզմ կամ ժամանակացույց, կամ այլ այնպիսի գործիքների կիրառում, որոնք կարող են փրկօղակի դեր կատարել և չստիպել պարտապանին ընկղմվել սնանկության բարդ ընթացակարգի մեջ:

Սակայն ճգնաժամային կառավարման հարցում օգնությունն ավելի արդյունավետ կլինի այն դեպքում, երբ պարտապանն արդեն իսկ կանխատեսում է սնանկության հնարավորությունը, սակայն դեռևս առկա չեն սնանկության հատկանիշները: Հենց այս փուլում հակաճգնաժամային կառավարման ինստիտուտի ներմուծումը սնանկությունների կանխման համար կարևոր միջոց կարող է դառնալ:

Կառավարության նախագծով՝ հակաճգնաժամային կառավարման հնարավորության ներմուծումը առաջնահերթ կերպով հնարավորություն կտա շատ պարտապանների խուսափել վերահաս սնանկությունից և կառավարչի աջակցությամբ հաղթահարել դժվարությունները և վերադառնալ բնականոն գործունեության: Սա նաև կարող է զգալիորեն թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը սնանկության գործերով: Բացի այդ, զգալիորեն կբարելավվի սնանկության գործընթացի և մասնավորապես, պարտապանի ֆիանանսական առողջացման արդյունավետությունը, ինչպես նաև կբարձրանա սնանկության գործերի քննության ժամկետներն ու արդյունավետությունը:

Ի դեպ, այս պահին արդեն հարցը հանված է կառավարության նիստի օրակարգից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել