Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Oգոստոսի 14-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Oրակարգում երկու հարց էր` նախապատրաստական աշխատանքները սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը նոր ուսումնական տարվա սկզբին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով առաջիկա ընտրությունների նախապատրաստման և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության դերին ու խնդիրներին` նշել է, որ համապետական ընտրությունների համեմատությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչն էլ ենթադրում է նոր մոտեցումներ` ինչպես ընտրությունների կազմակերպման, այնպես էլ ընտրողների հետ տարվող աշխատանքներում:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Վ. Գասպարյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման և զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:
Ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հրահանգներ տալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցի, ընթացակարգի և կոնկրետ անիլիքների վերաբերյալ` Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարևորել է յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը:
Անցնելով օրակարգի երկրորդ հարցին` Վլադիմիր Գասպարյանը նոր ուսումնական տարվա սկզբին ուսումնական հաստատությունների շրջակայքում երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների անվտանգության ապահովման կոնկրետ միջոցառումներ նախանշեց և համապատասխան հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին` տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել