Ընդհանուրի բարեկեցությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է. Արմեն Երիցյան

ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը խոսել է Կառավարության կազմում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների, աշխատանքային նոր ոլորտների ու անձնական սպասելիքների մասին: Նա նշել է, որ երկու գերատեսչությունների գործառնությունը մեկ կառույցի շրջանակներում բավականին արդյունավետ կլինի: ԱԻՆ-ն իր գործառույթների սահմաններում ոչ միայն ամենօրյա սերտ համագործակցության մեջ է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այլև ունի իր սեփական կառույցները տեղերում: ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը նախորդ տարում նախարարության գործունեությունը գնահատել է որպես բեղմնավոր, նշել ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման և ահազանգերի շուրջօրյա սպասարկման մասին: Նախարարը նաև հավելել է, որ աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության, հաշմանդամների ներգրավման և ճգնաժամային կառավարման ոլորտներում Հայաստանի ԱԻՆ-ը միջազգային հանրության ու փորձագետների կողմից ճանաչվել է օրինակելի: Խոսելով գալիք տարվա ակնկալիքների մասին, նախարարը հստակեցրել է, որ առաջիկա տարում ՏԿԱԻ նախարարությանը և, նախարարին մասնավորապես, բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, որն արդեն իսկ զգացնել է տալիս իրեն: «Մեր հանրապետությունն ունի 915 համայնք, որոնցից յուրաքանչյուրի խնդիրներն ու մարտահրավերները տարբերվում են մյուսից: Երկրի տարածքային կառավարումն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է խորամուխ լինել յուրաքանչյուր համայնքի, գյուղի կյանքի մեջ՝ հասկանալու, թե ինչով է այսօր ապրում և ինչ է շնչում հայ գյուղացին», ասել է նախարարը: Վերջինս, շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ, ասել է. «Մեր հայրենակիցներին մաղթում եմ խաղաղ երկինք, քանի որ դա է ցանկացած ժողովրդի և պետության զարգացման ու առաջընթացի գրավականը: Թող որ եկող տարում երջանկությունն ու բարեկեցությունը թակեն յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռ, կարևորը՝ գիտակցությունն է առ այն, որ ընդհանուրի բարեկեցությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է՝ իր հնարավորությունների չափով»:

Մանրամասն հարցուպատասխանին կարող եք ծանոթանալ ՀՀ ՏԿԱԻՆ պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել