Ոստիկանության աշխատակիցը աջակցել է թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Դավիթ Կարապետյանի կողմից առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Կարապետյանը վայրի աճած կանեփի թուփը քաղելու, չորացնելու և մանրեցնելու եղանակով պարբերաբար պատրաստել և ծխելու միջոցով օգտագործել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչի մասին տեղյակ է եղել ընկերը` ՀՀ ոստիկանության աշխատակից Արման Ստեփանյանը:
Դ.Կարապետյանը 2013թ. սեպտեմբերի 13-ին` ժամը 21.00-ի սահմաններում, թմրամիջոց օգտագործելու ցանկությունից դրդված, զանգահարել է ոստիկան ընկերոջը և խնդրել օժանդակել իրեն թմրամիջոց ձեռք բերելու հարցում, որին Ա. Ստեփանյանը համաձայնել է:
Ոստիկանության աշխատակիցը, նախապես տեղյակ լինելով, որ իր ծանոթը կարող է աջակցել այդ հարցում, Դ.Կարապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ զանգահարել է նրան և պայմանավորվածություն ձեռք բերել, ապա այդ մասին հայտնել է Դ.Կարապետյանին:
2014թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 00.10-ի սահմաններում, Դ. Կարապետյանն ու Ա. Ստեփանյանը հանդիպել են ապօրինի թմրամիջոց իրացնողին: Ա. Ստեփանյանի ցուցումով Դ.Կարապետյանը մոտեցել է և առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել 3 փայլաթիթեղների մեջ փաթեթավորված զգալի չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը:
Դրանից հետո Դ. Կարապետյանը, նստելով իր անձնական օգտագործման ավտոմեքենան, հեռացել է: Ճանապարհին Դ. Կարապետյանի ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները և ավտոմեքենայի միջից հայտնաբերել ապօրինի ձեռք բերված և պահված թմրամիջոցը:
Կատարած հանցագործությունների համար Դավիթ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ոստիկանության աշխատակից Արման Ստեփանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել