Տրանսպորտային միջոցը տնօրինողը անձը 120 ժամվա ընթացքում պետք է վերացնի մեքենան արգելանքի տակ դնելու պատճառները

Երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կաննոնների խախտումը: Բերման ենթարկումն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց:
«Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության` տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: Ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին,- iravaban.net-ի հայտնում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը ու հավելում,- Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որտեղ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը, ինչպես նաեւ հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին»:
Տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը 120 ժամվա ընթացքում պետք է վերացնի մեքենան արգելանքի տակ դնելու պատճառները:
Եթե անձը, վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները, տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին):

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել