ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի՝ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման գործընթացին, Համաշխարհային բանկի կողմից հիմնադրամի գործունեության աջակցությանն ուղղված վարկային նոր ծրագրին, հիմնադրամի կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր:
ՀԲ ներկայացուցիչները տեղեկացրին, որ վարկային ծրագիրը նախապատրաստման փուլում է եւ նախատեսվում է ՀԲ տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել գալիք տարվա առաջին ամիսներին:
Փոխվարչապետն առաջարկեց ծրագիրը նախապատրաստելիս համագործակցել նաեւ տարածքների զարգացման ոլորտում ծրագրեր իրականացնող միջազգային մյուս դոնոր կազմակերպությունների, մասնավորապես՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Եվրամիության հետ, ինչը կարեւոր է հետագա առավել արդյունավետ եւ համակարգված աշխատանքների տեսանկյունից:
Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը նաեւ տեղեկություններ ներկայացրեց վարչատարածքային բարեփոխումների մասին՝ նշելով, որ համապատասխան օրենսդրական փաթեթները նախապատրասվում են, եւ առաջիկա ամիսներին կներկայացվեն կառավարության քննարկմանը:
Լուսանկարը՝ mta.gov.am-ի: