Վարչական դատարանում այսօր շարունակվեց քննվել Սուրեն Սահակյանին քաղաքապետարանի աստիճանների վրա քնելու համար 50 հազար դրամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Այս գործով ևս պատասխանող կողմը որպես ապացույց տեսաձայնագրում էր ներկայացրել, թե ինչպես են ոստիկանները քաղաքապետարանի դիմաց քնած ակտիվիստներին բերման ենթարկում:
Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանի՝ Սուրեն Սահակյանը այդ քայլով խախտել է հասարակական անվտանգության պահպանման կարգը. «Նրանք փակել էին քաղաքապետարանի մուտքը: Դա եղել է այն աստիճանի դիտավորություն, որ ակտիվիստները նկարահանել են և հետագայում տեղադրել սոցիալական ցանցերում: Ինչպես նաև մի քանի ամիս տևած նստացույցի ժամանակ դա եղել է միակ դեպքը, երբ ակտիվիստները որոշել են քնել քաղաքապետարանի դիմաց»:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանի խոսքով՝ ոստիկանության ներկայացուցիչը խեղաթյուրում է փաստերը: Ըստ նրա՝ տեսանյութից պարզ երևում է, որ քաղաքապետարանի մուտքը փակ չի եղել և ցանկացողները կարող էին ներս ու դուրս անել (հեղ. դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:00-ի սահմաններում). «Սուրեն Սահակայնը ՀՀ քաղաքացի է և հանրային, որ վայրում ուզենա այնտեղ էլ կքնի, քանի դեռ դա արգելված չէ օրենքով և չի խախտել որևէ մեկի սեփականության իրավունքը»:
Նա նաև հակադարձեց այն ոստիկանության ներկայացուցչի այն փաստարկին, որ միայն մեկ օր են քնել. «Քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը երեք անգամ այդ նույն վայրում քնել է: Բացի այդ ոստիկանությունը չպետք է որոշի, թե որտեղ քնեն շուրջօրյա նստացույց անող ակտիվիստները»:
Տիգրան Սաֆարյանը խորհուրդ տվեց տեսանյութը չմեկնաբանել, քանի որ ամեն ինչ պարզ երևում է: Որևէ օրինական պահանջ չքնելու վերաբերյալ ոստիկանության կողմից Սուրեն Սահակյանին չի ներկայացվել:
Տիգրան Սաֆարյանը դատական ծախսերի հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացրեց մեկ օր դատական նիստը հետաձգել:
Թեև ոստիկանության ներկայացուցիչը առարկեց ներկայացված միջնորդությանը, այնումանեյանիվ դատավոր Արծրուն Միրզոյանը դատական նիստը հետաձգեց՝ մեկ օր ժամանակ տրամադրելով պատասխանող կողմին:
Արև Ավագյան
Իրավաբան.net