Թե ովքեր կարող են ավանդների փոխհատուցում ստանալ

2006թ մինչ այսօր ավանդների փոխհատուցում են ստացել 48 738 քաղաքացիներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  նպաստների բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Պողոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ավանդի փոխհատուցում ստանալու  իրավունք ունեն 2005թ. հուլիսից մինչ 2006թ. ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված «Հայխնայբանկ» ՓԲԸ ավանդատու հանդիսացող  հետևյալ քաղաքացիները՝70 տարին լրացած և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներ,մինչև 70  տարեկան կենսաթոշակառուներ,

միայնակ կենսաթոշակառուներ,

հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,

ՀՀ պաշտպանության 1990-1994 թթ ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք և նրանց ընտանիքի անդամներ,

ՀՀ պաշտպանության 1990-1994 թթ ընթացքում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև զոհվածների ընտանիքի անդամներ, առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամներ,

ՀՀ պաշտպանության 1990-1994թթ ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրի բնակիչներ,

երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչներ,

ծնողներ ու բազմազավակ ծնողների երեխաներ:

Նշենք, որ ավանդների փոխհատուցում  ծրագիրն իրականացվում է  ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի  8-րդ հավելվածով հաստատված ծրագրով և ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի  N 352- Ն որոշմամբ հաստատված կարգով: Համաձայն օրենքի՝ ծրագիրը կրում է հասցեական բնույթ և նպատակաուղղված  է սոցիալապես առավել անապահով խմբերին դասվող  քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը:

Հետևաբար, այս ծրագիրն ավանդների վերադարձ չէ, այն չի կարող վերաբերել բոլոր ավանդատուներին, քանի որ նրանք ոչ բոլորն են սոցիալապես առավել անապահով կամ աղքատ:

Ավանդի նկատմամբ քաղաքացու գույքային իրավունքը չի փոփոխվում, նրա մահից հետո ավանդը (խորհրդային ռուբլով) մտնում է ժառանգության զանգվածի մեջ, իսկ ավանդի դիմաց փոխհատուցման գույքային իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, ուստի այն չի կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել