Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալներ Արամ Մելքոնյանը և Իրինա Դավթյանը հոկտեմբերի 22-ին ընդունել են Իտալիայի Հանրապետության Պետական ոստիկանության կենտրոնական օպերատիվ ծառայության պետի տեղակալ Ռոբերտո Տեզորինո Ֆերոլային։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2025 թվականի մենթորական ծրագրի՝ «Միգրացիոն քաղաքականություն, փաստաթղթերի անվտանգություն և միգրացիոն ռիսկերից պաշտպանություն՝ միջազգային համագործակցության համատեքստում» թեմայի շրջանակում:
Ռոբերտո Ֆերոլային ներկայացվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2023 թվականին ձևավորված կառավարման նոր համակարգն ու ընթացիկ բարեփոխումները։
Քննարկվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ինչպես նաև միգրացիոն ոլորտում Հայաստանի և Իտալիայի համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավոր ուղիները։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալները ներկայացրել են Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացված աշխատանքները, առաջիկա քայլերն ու պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով նախատեսվող գործընթացները։
Ռոբերտո Ֆերոլան ներկայացրել է Իտալիայի Հանրապետության միգրացիոն համակարգի հիմնական ուղղությունները՝
- կացության կարգավիճակի տրամադրում.
- անձնագրերի տպագրություն և տրամադրում.
- անօրինական միգրանտների համար ժամանակավոր կացարանների ապահովում.
- ճգնաժամային իրավիճակներում գործընթանցերի համակարգում.
- ապաստան հայցողների հետ կապված ընթացակարգեր։
Հանդիպման մասնակիցները Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանի ուղեկցությամբ շրջել են Ծառայության գլխամասային գրասենյակում, քաղաքացիների սպասարկման սրահներում, ծանոթացել անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրման փուլերին: