Գործադիրը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանոնադրական կապիտալի ավելացման շրջանակներում «Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքին»:
Ներկայում բանկի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված «Կանոնադրական կապիտալի և դրա բաժանորդագրությունների ավելացում» թիվ 265 բանաձևի համաձայն ընթանում է բանկի կանոնադրական կապիտալի ավելացման գործընթացը՝ 4 մլրդ եվրոյի չափով: Կապիտալի ավելացումը երաշխավորում է, որ բանկը կշարունակի աջակցել շահառու տնտեսություններին՝ անցումային մարտահրավերները հաղթահարելու գործում, ինչպես նաև կօգնի բանկին դիմակայել լայնածավալ աշխարհաքաղաքական լարվածություններին և կլիմայի փոփոխության երկարաժամկետ հետևանքներին։
ՀՀ ներկայիս մասնաբաժինը բանկի կանոնադրական կապիտալում կազմում է 0.05%, իսկ ՀՀ-ի կողմից վճարված կապիտալը՝ 14.9 միլիոն եվրո: ՀՀ-ին առաջարկվել է բաժանորդագրվել լրացուցիչ 201 բաժնեմասի (ընդհանուր արժեքը՝ 2,010,000 եվրո), ինչը հնարավորություն կտա համամասնորեն ավելացնել կամ առնվազն պահպանել ՀՀ ձայնի իրավունքի կշիռը (կապիտալի ավելացման գործընթացին չբաժանորդագրվելու պարագայում, եթե բանկի մնացած բոլոր անդամները բաժանորդագրվեն, ՀՀ ձայների իրավունքի կշիռը կնվազի մինչև 0.04%):
Հաշվի առնելով, որ բանկը հանդիսանում է Հայաստանի զարգացման առանցքային գործընկերներից մեկը, իսկ 2024 թվականի մայիսի 14-16-ը Երևանում կայացած ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովից հետո ավելի է ամրապնդվել համագործակցությունը՝ հանգեցնելով Հայաստանում բանկի ներդրումների ռեկորդային մակարդակի, բաժնեմասերի նոր բաժանորդագրությունը կդիտարկվի որպես ՀՀ-ի և բանկի միջև արդյունավետ փոխգործակցությունը վերահաստատելու շարունակականությունն ապահովելու կարևոր քայլ: