Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը, տեղեկանալով «Պողոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունից, Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Աբգար Պողոսյանը կատարել է գրառում՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով։
«Հարգելի գործընկերներ,
Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքների կոպիտ խախտման փաստը, ձերբակալման ոչ իրավաչափ ձևը և այս պահին ընտրված խափանման միջոցի անհամաչափությունը, այսօր դիմել ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր այն երկրների դեսպաններին, որոնց պետությունները վավերացրել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:
Մեր ակնկալիքն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք՝
- չունեն որևէ իրավական հիմնավորում,
- ուղղված են հասարակությունում վախի մթնոլորտի ստեղծմանը,
- նպատակ ունեն խոչընդոտել փաստաբաններին՝ ազատորեն իրականացնելու իրենց մասնագիտական պարտականությունները։
Փաստաբանական համայնքը որպես իրավական պետության անկյունաքար պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և հալածանքից: Կոչ ենք արել դեսպաններին բարձրացնել իրենց ձայնը և ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցող իրադարձությունները:
Մենք շարունակելու ենք պայքարել մեր գործընկերոջ իրավունքների համար՝ օգտագործելով օրինական բոլոր միջոցները»,- ասված է գրառման մեջ։