Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Եթե ապրանքը, որի վերաբերյալ կնքվում է առուվածառքի պայմանագիրը, գնորդին է հանձնվում անմիջապես, ապա խնդիրներ չեն առաջանում, սակայն, ինչպես գիտենք, առուվաճառքի առարկան շատ հաճախ գնորդին է փոխանցվում տրանսպորտային միջոցով ուղարկելու կամ այլ եղանակներով:
Այստեղ կարևոր է հասկանալ` որ պահից է ապրանքը համարվում գնորդի փոխանցված, որպեսզի անհրաժեշտության դեպքում հասկանալ, թե ով է կրում ապրանքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 475-րդ հոդվածը սահմանում է. « Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը գնորդին է անցնում այն պահից, երբ վաճառողը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, համարվում է ապրանքը գնորդին հանձնելու պարտականությունը կատարած, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Ճանապարհին գտնվող ապրանքի վաճառքի դեպքում դրա պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:
Վերը նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պայմանագրով նախատեսվում է, որ գույքը տրանսպորտային կազմակերպությանը հանձնելը չի համարվում սեփականության իրավունքի փոխանցում, գույքի պատահական կորստի ռիսկը կրում է վաճառողը: