Ավարտվել է Շիրակի մարզում հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը  

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ս.Ղ.-ի կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով, մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին՝ պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի և վարորդի գործողությունները հսկելու նպատակով ընկերոջը հանձնարարել է նստել բեռնատարը և ուղղորդել: Բեռնատարի վարորդը, վախի ազդեցության տակ, բացասական հետևանքներից խուսափելու նպատակով, կատարել է ներկայացված պահանջը և համայնքապատկան բեռնատարով դրանում բեռնված գույքը տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում Ս.Ղ.-ն իրենն է դարձել գույքը՝ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթումը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել