Արդարադատության նախարարությունն առաջիններից մեկը կփորձարկի Կառավարության ռազմավարական կառավարման նոր աշխատակարգը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և նախարարության ռազմավարական պլանավորման գործընթացում ներգրավված ստորաբաժանումների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ընդունված Կառավարության ռազմավարական կառավարման նոր աշխատակարգի շրջանակներում արդարադատության ոլորտի ռազմավարական պլանավորման իրականացման հարցերը։

Տիգրան Դադունցը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությունը նոր աշխատակարգի մշակման փուլում և ընդգծել է համագործակցության շարունակականության կարևորությունը՝ դրա արդյունավետ կիրառման գործընթացում։

Նախարարի տեղակալը նշել է, որ արդարադատության նախարարությունն ուրախ է ստանձնել ռազմավարական կառավարման նոր համակարգի փորձարկման առաջամարտիկի դերը։ Նա կարևորել է ոլորտային ռազմավարությունների փոխարեն մեկ միասնական՝ Արդարադատության ոլորտի համապարփակ ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի որակական նոր չափանիշների վրա։

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ ռազմավարության մշակումը պետք է իրականացվի ոլորտային քննարկումների, կարիքների գնահատման և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ ապահովելով բարեփոխումների հստակ և չափելի արդյունքներ։

Կողմերը նաև անդրադարձել են ռազմավարական պլանավորման ընթացքում առաջնահերթ ուշադրության արժանի հարցերին և դրանց լուծման հնարավոր եղանակներին։

Հանդիպումն ավարտվել է պայմանավորվածությամբ՝ շարունակել համագործակցությունը և համատեղ քայլերով առաջ մղել ռազմավարական կառավարման նոր մոտեցումների ներդրումը արդարադատության ոլորտում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել