2025 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում կազմակերպվել է սեմինար-քննարկում՝ առաջին ատյանի քրեական մասնագիտացման դատարանների դատավորների օգնականների համար՝ նվիրված ՀՀ Վճռաբեկ դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին։ Iravaban.net-ը տեղեկանում է Վճռաբեկ դատարանից։
Քննարկման ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Ժենյա Ստեփանյանը, նույն ծառայության գլխավոր մասնագետներ, իրավաբանական գիտությունների թեկնածուներ Տաթևիկ Սուջյանը և Վարազդատ Սուքիասյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների համատեքստում ներկայացրեցին քրեական իրավունքի և քրեական դատավարության արդի հիմնախնդիրները, գործնականում հաճախ հանդիպող հարցերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված վերջին իրավական դիրքորոշումները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց շուրջ ակտիվ քննարկում ծավալվեց։
Քննարկման շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Ղազարյանն ընդգծեց նման սեմինարներ-քննարկումներ կազմակերպելու ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի նախաձեռնության կարևորությունն ու նշեց, որ այն շարունակական բնույթ է կրելու, ինչը փորձի արդյունավետ փոխանակման, գործնականում հանդիպող խնդիրների բարձրացման ու մասնագիտական քննարկումների յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում տեղեկացված լինելու ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին։