Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալները կթարմացվեն ավտոմատ եղանակով

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով առաջարկվում է փոփոխել N 154-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 6-րդ կետը՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ․

«6. Տարեկան երկու անգամ՝ փետրվար և հոկտեմբեր ամիսներին, ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգն էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով հաստատում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքը։ Ստացված տվյալների հիման վրա էլեկտրոնային ենթահամակարգում համապատասխանաբար այդ ամիսների վերջին օրվա դրությամբ ինքնաշխատ ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների թարմացված ցանկը»։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

կողմից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ սահմանված է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանձնվում են նախարարությանը և այնուհետև ԿՏԱԿ-ին՝ էլեկտրոնային ենթահամակարգում թարմացման նպատակով։ Այս գործընթացը ներկայումս ներառում է մի քանի ադմինիստրատիվ միջանկյալ փուլեր և տվյալների ձեռքով փոխանցման գործողություններ։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ներդնել տեխնիկական լուծում, որը կերաշխավորի տվյալների ուղիղ և ավտոմատացված փոխանցում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և ԿՏԱԿ-ի ենթահամակարգի միջև՝ բացառելով միջնորդավորված և ձեռքով գործողությունների անհրաժեշտությունը։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտություն չի առաջացնում։

Ակնկալվող արդյունքը․

Փոփոխության իրականացումը հնարավորություն կտա՝

  • բարձրացնել տվյալների մշակման արագությունն ու համակարգային թափանցիկությունը,
  • նվազեցնել վարչարարական ռիսկերը,
  • բացառել մարդկային սխալի հավանականությունը։

Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի «Կրթություն» բաժնի առաջնահերթություններից, որոնք միտված են կրթության ոլորտում ներառական, արդիական և տեխնոլոգիական լուծումների ընդլայնմանը։

Փոփոխությունը նաև համահունչ է «Հայաստանի մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրի» ռազմավարական նպատակներին, մասնավորապես՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելման, դուրս մնացած երեխաների հայտնաբերման և նրանց կրթական համակարգ վերաներառման մեխանիզմների ներդրման նպատակներին։

Այս քայլը ուղղված է ապահովելու «ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից»ազգային ռազմավարական նպատակի իրագործումը, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել