Iravaban.net-ը ՀՀ կառավարությունից տեղեկանում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության Ղեկավար կոմիտեի նիստին։ ՀՀ Կառավարությունն այս տարի պաշտոնապես դարձել է Ղեկավար կոմիտեի անդամ։ Կոմիտեն հանդիսանում է բաց կառավարման քաղաքականությունների մշակման մարմին և կազմված է 11 կառավարություններից և 11 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։
Արայիկ Հարությունյանը և ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչները հանդիպել են Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության գործադիր տնօրեն Այդան Էյակուզի և թիմի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի առաջընթացը ԲԿԳ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի համակարգի կատարելագործման, իրական շահառուների բացահայտման, նվերների և պետական գնումների թափանցիկության, մասնակցային բյուջետավորման, հանրային ներգրավման ինստիտուցիոնալ մեխանիզմների, ռազմավարական հաղորդակցության, թվայնացման, ինչպես նաև տեղական մակարդակում ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում։
ԲԿԳ գործադիր տնօրեն Այդան Էյակուզին բարձր է գնահատել Հայաստանի շարունակական առաջընթացը ժողովրդավարական սկզբունքների պահպանման և զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ դա տեղի է ունենում համաշխարհային մակարդակով առկա բարդ մարտահրավերների պայմաններում, որոնք ազդում են անգամ կայացած ժողովրդավարությունների վրա։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են նաև ապատեղեկատվության և տեղեկատվական միջավայրում նկատվող տարբեր չարաշահումների գլոբալ մարտահրավերները։ Կողմերը կարևորել են կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև շարունակական համագործակցությունը՝ նման մարտահրավերները հաղթահարելու և ժողովրդավարական կառավարման արժեքները պաշտպանելու նպատակով։