ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամի կապերը Ադրբեջանի հետ հարցականի տակ են դնում Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին եզրակացությունը

2025 թ. փետրվարի 17-ին Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) հրապարակեց թիվ 46/2024 եզրակացությունը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ: Խումբը եզրակացրել էր, որ Վարդանյանի կալանավորումը Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական ​​կարծիքը բացահայտում է շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածներ է առաջացնում ՄԱԿ-ի հանձնախմբի անաչառության վերաբերյալ։
Պարզվել է, որ խմբի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։
Սա ուղղակի ֆինանսական կապ է Ադրբեջանի հետ, որը Վարդանյանի գործով կողմերից մեկն է։
ՄԱԿ-ի կանոնները պահանջում են բացառիկ անկախություն և ինքնաբացարկում, երբ առկա է շահերի բախում։ «Գաննա Յուդկիվսկան պետք է զերծ մնար աշխատանքային խմբին ներկայացված Ադրբեջանի դեմ բոլոր գործերից։ Նա ունի շահերի բախում, որը բխում է իր մասնագիտական աշխատանքից որպես Equity Law Firm-ի ակտիվ գործընկեր: Վերջինս տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ  է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղիղ ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև, որն էլ  տվյալ վարույթում  հանդես է գալիս որպես կողմ»,-   նշում է Օկամպոն։
Յուդկիվսկան չի բացահայտել SOCAR-ի հետ կապը և մասնակցել է թիվ 46/2024 կարծիքին։
Ավելին, Յուդկիվսկայի ամուսինը՝ ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ և հրապարակայնորեն աջակցել է ԼՂ շուրջ  Իլհամ Ալիևի դիրքորոշմանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել