Սերժ Սարգսյանը, Վալերի Գրիգորյանը և Ալեքսան Ալեքսանյանը ճանաչվեցին գույքային պատասխանողներ, նրանց գույքի վրա արգելանք դրվեց

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով  հերթական դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում, անդրադարձ արվեց նախորդ նիստում, հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը ներկայացրած հայցադիմումին։ Հշեցնենք, որ այն ենթադրում է  Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ համապարտությամբ գույքային հայց՝ մոտ 4 մլրդ դրամի չափով։ 3-րդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց. «Հայցադիմումը ենթակա է վերադարձի»։ Նա մանրամասն հիմնավորեց, որ նույն փաստական հիմքերով դատախազությունն ավելի վաղ հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան, և այդ հայցերը ներկայում գտնվում են քննության փուլում։ Մակինյանը դատարանին ներկայացրեց այդ փաստի հաստատման համար անհրաժեշտ բոլոր կցորդները՝ նախորդ հայցադիմումների պատճեններով։

Նա նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ պետությունը՝ ի դեմս դատախազության, մի դեպքում հանդես է գալիս որպես պահանջող կողմ՝ ներկայացնելով գույքային հայց ենթադրյալ հանցանքի համար, իսկ մյուս դեպքում՝ քաղաքացիական դատական հայցով, պահանջում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության հետ կնքված գործարքները և վիճելի հողատարածքները վերադարձնել պետության սեփականությանը։

Ի պատասխան՝ հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը համաձայնեց, որ նման իրավիճակները տարօրինակ կարող են թվալ, սակայն պնդեց,- «այո, նման իրավաբանություն կարող է լինել»։ Նա բացատրեց, որ նախնական դատաքննության փուլում գույքային հայց ներկայացնելու իրավական պահանջ կա։ Միևնույն ժամանակ, նշեց, որ եթե քաղաքացիական դատարանը մերժի արդեն ներկայացված հայցերը, պետությունը կարող է զրկվել վնասի վերականգնման հնարավորությունից և հայտարարեց, որ քաղաքացիական դատարանի որոշման դեպքում պատրաստ է հրաժարվել գույքային հայցից։

Պաշտպան Ամրամ Մակինյանը, սակայն, արձագանքեց՝ նշելով, որ այս հարցում կարևոր է առաջնորդվել օրենքով, այլ ոչ թե խոստումներով

«Պարոն Հովակիմյանի ազնիվ խոսքին չեմ կարող հավատալ։ Նա այստեղ հանդես չի գալիս որպես մասնավոր անձ, այլ՝ որպես Հայաստանի Հանրապետություն։ Պետք է առաջնորդվել օրենքով և վերադարձնել հայցադիմումը»,- ասաց պաշտպանը։

Քննարկումներից հետո դատարանը մերժեց հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Ավելին, Սերժ Սարգսյանը, Վալերի Գրիգորյանը և Ալեքսան Ալեքսանյանը ճանաչվեցին որպես գույքային պատասխանողներ, և նրանց գույքի վրա դրվեց արգելանք։ Դատարանը հայտարարեց, որ գույքային հայցի վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կձևավորվի արդեն դատական ակտի կայացման ժամանակ։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քննվող քրեական գործերը՝ «Իսակովի պողոտայի» և «Սիլվա Համբարձումյանի» գործերը, միացվել են մեկ վարույթում։ Դրանք նույնպես քննվում են Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում։

«Իսակովի պողոտայի» դրվագով՝ ըստ Քննչական կոմիտեի վարույթում գտնվող գործի, 2005-2006 թթ․ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածք օտարվել է շուկայականից էականորեն ցածր գնով՝ ուղղակի վաճառքով։ Այդ ընթացքում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը։ Այս գործով մեղադրյալներ են նաև Վալերի Գրիգորյանը և Ալեքսան Ալեքսանյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար խոշոր չափերի հափշտակության և օժանդակության հատկանիշներով։

Նախկինում այս գործից առանձնացվել են Վաչագան Ղազարյանի և ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակեցման վարչության պետ Արմեն Սարգսյանի մասերը՝ ուղարկվելով դատարան ըստ էության քննության։

Սերժ Սարգսյանին նաև մեղադրանք է առաջադրված 8 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ փողերի լվացման և 3 դրվագ օժանդակության հատկանիշներով։

Մյուս գործը վերաբերում է Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքին։ Մեղադրանքի համաձայն՝ 2007-ի հունիսի 7-ից մինչև 2008-ի ապրիլի 8-ը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս, Սերժ Սարգսյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Սամվել Մայրապետյանի և իր դստեր՝ Անուշ Սարգսյան-Մինասյանի ամուսնու օժանդակությամբ, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ-ին՝ թույլ տալով, որ այդ ընկերության բաժնեմասերը վաճառվեն օտարերկրյա ընկերության՝ առանց խոչընդոտման։ Դրա դիմաց, ըստ մեղադրանքի, Սիլվա Համբարձումյանից նա ստացել է վերոնշյալ կաշառքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել