ԼՂՀ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և պատմության դասագրքի հեղինակի

Երկու տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկատվություն տարածեց, որից պարզ էր դառնում, որ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր։

Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների, նրանց տրանսպորտային միջոցների և ունեցվածքի ազատ, ինքնակամ և անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունվել․

1) մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթական կազմակերպությունները և Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։

2) Լեռնային Ղարաբաղի բնակչությանն, այդ թվում՝ հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորությունը ինքնուրույն և անհատապես որոշելու նպատակով։

Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ  սեպտեմբերի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործ է ստացվել զրպարտության հանգամանքներով։ Հայցվորը Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն է, պատասխանողը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև «Հայաստանի պատմություն 9» դասագրքի հեղինակ  Նժդեհ  Հովսեփյանը։

Հայցվոր Սամվել Շահրամանյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին հերքել «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ « (․․․) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»:

Որպես հերքման ձև պատասխանողներին պարտավորեցնել հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել հետևյալ տեքստը․«Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ « (․․․) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։

Հայցում նշվումէ, որ իրականում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի պահանջով և բնակչության սպանդի սպառնալիքով Արցախի նախագահին առաջարկել է հրավիրել Ազգային ժողովի նիստ և ընդունել Արցախը լուծարելու մասին հռչակագիր։ Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։ Հասկանալով իրավիճակի լրջությունն ու հաշվի առնելով շրջափակման փաստը՝ Արցախի նախագահն առաջարկել է հռչակագիրը փոխարինել իր իսկ կողմից ընդունված հրամանագրով։Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես ադրբեջանական պահանջի այլընտրանք, նման հրամանագիր չընդունելով հանդերձ, Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին թիվ թիվ ՆՀ-657-Ն հրամանագրի գոյության մասին։ Հայտարարության նպատակը ՀՀ-ԱՀ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հրամանագիր՝ արդեն այն գրավոր տեսքի տալով ու ստորագրելով, որով նույն հարթակում անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։Ո՛չ այս հրամանագիրը և ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի մասին որևէ հայտարարություն իրավական ուժ չունեին, երկուստեք հակասում էին թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել